Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մոտ է «Կրասնոդար» տեղափոխվելուն, հաղորդում է «Чемпионат»-ը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը մեծ ջանքեր է գործադրում և կփորձի տրանսֆերն իրականացնել առաջիկայում: Ավելի վաղ ռուս հայտնի ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ «Նիժնի Նովգորոդը» պատրաստ է հայ կիսապաշտպանից բաժանվել 2,5 միլիոն եվրոյի դիմաց։
Հունվարի 10-ից 22-ամյա ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորոդի» հետ հավաքի է մասնակցում ԱՄԷ-ում:
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։