Գիտեմ, որ խաղային պրակտիկա չունեի վերջին շրջանում, սակայն հասկանում էր, որ առջևում հավաքականի խաղերն են։ Ես համառորեն մարզվում էի, որ պատրաստ լինեմ այս խաղերին։ Այդ մասին Սկոպյեում FastNews-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը՝ խոսելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրի հանդիպման մասին։
«Մարտական տրամադրություն ունենք։ Բոլորս նախապատրաստվում ենք այս կարևոր խաղին։ Լատվիայի դեմ լավ խաղացինք, սակայն այդ հաղթանակից հետո ոչ թե թեթևացել ենք, այլ հակառակը՝ ավելի ենք մոտիվացվել այստեղ էլ դրական արդյունքի հասնելու համար։ Մենք գիտենք, որ ուժեղ մրցակից ունենք այսօր։ Արտագնա հանդիպում է, սակայն մենք առավելագույնն ենք տալու հաղթանակի հասնելու համար։
Ինձ համար միշտ պատիվ է առաջին րոպեներից խաղալը։ Յուրաքանչյուր խաղացող դա է ուզում։ Ես միշտ փորձում եմ լավագույնս պատրաստվել հանդիպումներին։ Ես գիտեմ, որ խաղային պրակտիկա չունեի վերջին շրջանում, բարդ իրավիճակ էր «Ֆերենցվարոշում»։ Սակայն հասկանում էր, որ առջևում հավաքականի խաղերն են։ Ես համառորեն մարզվում էի, որ պատրաստ լինեմ այս խաղերին։ Այնպես որ, եթե խաղամ առաջին րոպեներից, պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել դաշտում։
Մինչև այս պահը հավաքականում ինձ ամենաշատը դուր է եկել իմ ցուցադրած խաղը Ղազախստանի դեմ մրցավեճում։ Անմոռանալի էր նաև խփածս առաջին գոլը չեխերի դեմ խաղում։ Հիշարժան էր նաև Խորվաթիայի դեմ խաղը, քանի որ առաջին անգամ հնարավորություն ունեի հանդես գալու այդպիսի բարձր մակարդակի ֆուտբոլիստների ու թիմի դեմ»,- զրույցում նշել է 23-ամյա ֆուտբոլիստը, որն օրեր առաջ հունգարական «Ֆերենցվարոշից» տեղափոխվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվ»։
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենա» ստադիոնում, կմեկներկի Երևանի ժամանակով 22:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լատվիայի նկատմամբ։ Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում ոչ-ոքի էին խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։