Logo

Էդգար Սևիկյան․ «Շատ զարմացա, երբ հրավեր ստացա Ռուսաստանի հավաքականից»

14:41 / 06.12.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է Հայաստանի հավաքականում խաղալու մասին, ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլն ու խոսել տարբեր թեմաների շուրջ։ 

«Ուելսի հավաքականի դեմ խաղից հետո ունեինք 2 մարզում՝ վերականգնողական ու նախախաղային։ Երկրորդի ընթացքում հասկացա, որ, ամենայն հավանականությամբ, մեկնարկային կազմում եմ լինելու Խորվաթիայի հետ խաղում։ Շատ ուրախ եմ, որ մեկնարկային կազմում առաջին խաղն անցկացրի հավաքականում։ Ընդ որում, խաղում էի Խորվաթիայի պես գրանդ հավաքականի դեմ։ Ունեի դրական հույզեր։ Կարծում եմ՝ մեր թիմը վատ հանդիպում չանցկացրեց Զագրեբում։ Կարող էինք օգտագործել մեր պահերը։ Իհարկե, բարդ է խաղալ այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ, բայց դա մեծ փորձ էր մեզ համար։

Հայաստանի հավաքականը վատ շրջափուլ չանցկացրեց, եղան վառ հանդիպումներ։ Միայն Լիտվայի դեմ խաղում չկարողացանք ցուցադրել որակյալ խաղ, ինչն անդրադարձավ ամբողջ ընտրական փուլի վրա։ Ամեն դեպքում, ունենք լավ թիմ և կարող ենք աճել։ Ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար։

Միշտ ունեցել եմ Հայաստանի հավաքականում խաղալու հետ կապված մտքեր։ Նման հնարավորություն դիտարկում էի մինչև լավ խաղ ցուցադրելը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ինձ հետ կապ հաստատել են դեռ այն ժամանակ, երբ խաղում էի Իսպանիայում։ Չեմ կարող ասել, թե քանի առաջարկ էր եղել այս ընթացքում, սակայն մենք հաղորդակցվել ենք։

Հավաքականում խաղալու ընտրությունը կարող ես կայացնել միայն սրտով։ Չի եղել այնպիսի բան, որ հանդիպել եմ որևէ մեկի հետ ու որոշում կայացրել։ Նախևառաջ, հարցնում էի ինքս ինձ։ Զգացի, որ ցանկանում եմ ու համաձայնեցի։ Ոչ ոք չէր կարող ազդել ինձ վրա։

Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալուց 2 շաբաթ առաջ ինձ զանգել էին Հայաստանից և ասել, որ պատրաստ են հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը։ Որոշ ժամանակ անց ինձ զանգեցին ակումբից ու շնորհավորեցին Ռուսաստանի հավաքական հրավիրվելու առթիվ։ Ես շատ զարմացա, քանի որ անսպասելի էր։ Չէի սպասում, որ կհայտնվեմ հավաքականի ընդլայնված ցուցակում։ Սակայն ես ակումբին ասացի, որ պատրաստում են փաստաթղթերս Հայաստանի հավաքականում խաղալու համար։ Չեմ զրուցել ո՛չ Վալերի Կարպինի, ո՛չ ՌՖՄ-ի հետ։

Հայաստան ժամանելիս երկրպագուները դիմավորեցին ինձ օդանավակայանում, շատ հաճելի էր։ Երևանում եղել էի նաև 2022 թվականին, դիտել էի Շոտլանդիայի դեմ խաղը։ Դրանից առաջ, ոչ ամեն տարի, բայց ընտանիքիս հետ ամռանը մեկնում էինք այնտեղ»,- sport-express.ru-ի հետ հարցազրույցում ասել է 22-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ