Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, դանիական «Ռաներսի» հարձակվող Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է ակումբի կայքը:
«Տխուր եմ, որ ինձ համար ավարտված է: Գնահատում եմ «Ռաներսին», և ինձ համար շատ կարևոր են և՛ թիմը, և՛ երկրպագուները, և՛ քաղաքը: Դժվար ավարտ է: Ես շատ եմ պայքարել՝ խաղադաշտ վերադառնալու համար, բայց այն ցավերը, որ զգում եմ խաղերի ժամանակ, ցավոք, դա դարձնում են անհնարին:
Իմ ու ակումբի միջև լավ խոսակցություն է եղել: Շնորհակալ եմ, որ կարողացա կարիերաս ավարտել հենց «Ռաներսում»: Ես հնարավորություն ունեցա փոխհատուցելու այն ակումբին, որտեղ իմ արմատներն են: Անհամբերությամբ եմ սպասում, թե ինչ է ինձ սպասում ապագայում»,- ասել է Էդգար Բաբայանը:
«Շնորհակալություն նվիրվածության համար, Էդգար: Հաջողություն ենք մաղթում քո կյանքի հաջորդ փուլում», - գրված է հայտարարության մեջ:
2023 թվականին Բաբայանը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել: Դրանից հետո Էդգարն ինտենսիվ մարզվել է՝ խաղադաշտ վերադառնալու համար, սակայն բարդություններ են եղել:
Էդգար Բաբայանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականին, ազգային թիմում 16 խաղում խփել է 1 գոլ: Կարիերայի ընթացքում հանդես է եկել դանիական «Ռաներսում», «Հոբրոյում» ու «Վայլեում», ինչպես նաև լատվիական «Ռիգայում» ու Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսում»: