Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Պետք կարողանալ լսել ինքդ քեզ ու ժամանակին ասել վերջ։ 16 տարի ու ավելի քան 700 հանդիպում անցկացնելուց հետո որոշել եմ ավարտել կարիերաս»,- սոցցանցերում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը «Ռեալի» հետ պայմանագիրը խզելուց հետո Ազարն ազատ գործակալի կարգավիճակում էր: Ակումբային կարիերայի ընթացքում բելգիացին խաղացել է նաև ֆրանսիական «Լիլում» (2007-2012) ու Լոնդոնի «Չելսիում» (2012-2019)։ 2019-ին «Արքայական ակումբը» 115 միլիոն եվրո էր վճարել նրա տրանսֆերի համար։
Էդեն Ազարը 2-ական անգամ դարձել է Անգլիայի ու Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել Ֆրանսիայի առաջնությունում, նվաճել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի գավաթներն ու աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Բելգիայի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 126 հանդիպում, խփել 33 գոլ ու դարձել ԱԱ-2018-ի բրոնզե մեդալակիր։