Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 16-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով (10 ըմբիշ)։ Առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային ըմբիշները։
Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) տիտղոսի պաշտպանությունը սկսեց լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով և կամային հաղթանակ տարավ 7-2 հաշվով։ Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 0-2 հաշվով, բայց երկրորդում վաստակեց 7 միավոր ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովի հետ։
Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում 3-1 հաշվով ուժեղ գտնվեց գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուից։ Անդրեասյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևը։
Արման Ավագյանը (79 կգ) նույնպես մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ հավասար միավորների պայմաններում հաղթելով Ռումինիան ներկայացնող Յակուբ Շիխդժամալովին (6-6)։ Կիսաեզրափակիչի ուղեգիրն Ավագյանը կվիճարկի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում մրցեց Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Սուլթանովիչ Բատաևի հետ ու պարտվեց ժամկետից շուտ՝ 2-13։
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի ուկրաինացի Կամիլ Կերիմովի հետ։ Կերիմովը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել է բուլղարացի Իվայլո Տիսովից։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն փետրվարի 17-ին:


