Սլավիկ Գալստյանը (67 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 6-2 հաշվով հաղթել է ֆինն Միկայել Մանիլային։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի թուրք Մուրատ Ֆիրատի հետ։
Սլավիկ Գալստյանը փետրվարի 13-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 2 րոպե 9 վայրկյանում 12-4 հաշվով հաղթելով շվեդ Նիկլաս Օեհլենին, իսկ հաջորդ գոտեմարտում 0-9 հաշվով պարտվել էր UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռուսլան Բիչուրինին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։
Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Կարեն Խաչատրյանն (82 կգ) ավարտել է ելույթները։ Խաչատրյանին հաղթած ըմբիշը ևս դուրս էր եկել եզրափակիչ՝ Հայաստանի ներկայացուցիչին տալով սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն։
Սփոփիչ գոտեմարտում Կարեն Խաչատրյանը 1-10 հաշվով պարտություն է կրել հունգարացի Էրիկ Սիլվաշիից։ Հայ ըմբիշը 1/8 եզրափակիչում 8-6 հաշվով հաղթել էր խորվաթ Ֆիլիպ Սաչիչին, իսկ երկրորդ գոտեմարտում պարտվել էր UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Իսլամ Ալիևին՝ 0-8։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն արդեն երկու մեդալ է նվաճել Բուխարեստում։ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) էլ դուրս է եկել եզրափակիչ և փետրվարի 14-ին կպայքարի Եվրոպայի 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար։


