Logo

Երիտասարդական ԵԱ․ Սերգեյ Սարգսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Հեղինակ
FastNews
18:39 / 16.08.2022• Ըմբշամարտ
Սերգեյ Սարգսյան-2022

Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը չկարողացավ եզրափակիչի ուղեգիր նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրո Մարգիշվիլիի հետ և պարտվեց 3-4 հաշվով։ Օգոստոսի 17-ին Սերգեյ Սարգսյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։ Նրա մրցակիցը կլինի Կիրիլ Կիլդաու (Գերմանիա) - Ջեքսոն Բրայանտ Սմիթ (ԱՄՆ) սփոփիչ գոտեմարտի հաղթողը։

Սերգեյ Սարգսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 8-3 հաշվով առավելության հասնելով թուրք Յիլդիրայ Պալայի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր ուզբեկ Ռավշանբեկ Ջումաբոևին, իսկ երրորդ գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել մեքսիկացի Խուան Իտուրիզա Ռուիզի նկատմամբ՝ 11-1։

Օգոստոսի 16-ին մրցագորգ էին դուրս եկել Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ, որոնք պարտություն են կրել, սակայն նրանցից երկուսը հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։

Հայկ Աբրահամյանը (61 կգ) մեկնարկային գոտեմարտում 1-6 հաշվով պարտվել է ճապոնացի Յուտո Նիշիուչիին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Օգոստոսի 17-ին Աբրահամյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ադրբեջանցի Ջեյհան Ալահվերդիևի հետ, իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի հնդիկ Կումար Մոհիտի հետ։

Մենուա Յարիբեկյանը (74 կգ) նույնպես անհաջող է մեկնարկել՝ 1/8 եզրափակիչում 8-9 հաշվով պարտվելով ուկրաինացի Տիմուր Հուդիմային և դուրս մնալով հետագա պայքարից։

Գուրգեն Սիմոնյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտություն է կրել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենեթ Կևին Բերգեից, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր՝ հայ ըմբիշին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար։ Օգոստոսի 17-ին Գուրգեն Սիմոնյանն առաջին սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի հունգարացի Միլան Հայդուչի հետ։

Լյովա Գևորգյանը (125 կգ) որակավորման փուլում 11-13 հաշվով պարտվել է վրացի Մերաբ Սուեյմանաշվիլուն։ Հայ ըմբիշը հաղթելիս է եղել 9-0 հաշվով, սակայն վնասվածք է ստացել ու զիջել առավելությունը։ 

Պարտություն է կրել նաև Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որն օգոստոսի 15-ին հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում Խաչատրյանը 0-11 հաշվով պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Դավիդ Մչեդլիձեին, որը բրոնզե մեդալը կվիճարկի իրանցի Համիդ Ազարպիրայի հետ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին պայքարի մեջ մտած 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը դուրս է եկել եզրափակիչ և ոսկե մեդալը կվիճարկի իրանցի Սոբհան Յարիի հետ։ 

70 կգ քաշային Հայկ Պապիկյանը կիսաեզրափակիչում պարտվել էր ԱՄՆ-ը ներկայացնող Միտչել Մեսենբրինկին ու կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի իրանցի Հոսեին Մոհամադ Աղաեին։

Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) և Արթուր Սարդարյանը (65 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտում ու դուրս մնացել հետագա պայքարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ