Պետրոս Պետրոսյանը (109 կգ) Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը:
Հայ ծանրորդը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ 165 կգ կշռող ծանրաձողն անհաջող կերպով գցեց՝ վնասելով ձեռքը, ինչից հետո հրաժարվեց հաջորդ մոտեցումներից:
Այս քաշային կարգում երկամարտի 388 կգ (176+212) արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ադրբեջանցի Դադաշ Դադաշբայլին:
Քիչ առաջ 102 կգ քաշային տղամարդկանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Սամվել Գասպարյանը, իսկ Գարիկ Կարապետյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Մրցումային նախավերջին` 8-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն նաև Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը (երկուսն էլ` 87 կգ), մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի էր արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիանա Գյուրջյանը (81 կգ) երկամարտում զբաղեցրել է չորրորդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)` 5-րդ, իսկ Իզաբելլա Յայլյանը (55 կգ)` 7-րդ։
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


