Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը, որոնք մեդալների համար կպայքարեն գերծանր քաշային կարգում (+109 կգ)։
Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի նախնական հայտը երկամարտում 450 կգ է։ Նույն քաշն է պատվիրել նաև կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն:
Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի նախնական հայտը 440 կգ է։
Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: A խմբում հանդես կգա 11 ծանրորդ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի էին արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրել էր 7-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը (81 կգ) 4-րդն էր, Տաթև Հակոբյանը (87 կգ) 4-րդն էր, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) 5-րդն էր, իսկ Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք էր ստացել և չէր շարունակել պայքարը:
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


