Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր` փետրվարի 17-ին, պայքարի մեջ են մտել Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:
Առաջինը մրցագորգ դուրս եկավ Վազգեն Թևանյանը (65 կգ), որը պայքարը սկսել էր դեռևս փետրվարի 16-ին։ Թևանյանը սփոփիչ գոտեմարտում 2-3 հաշվով պարտվեց գերմանացի Անդրե Կլարկին և զրկվեց բրոնզե եզրափակիչ անցկացնելու հնարավորությունից։
Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում մրցեց լեհ Կշիշտոֆ Օլենցզինի դեմ. գրանցվեց 3-3 հաշիվը, սակայն հաղթեց հայ ըմբիշը` միավորը վերջինը վաստակելու շնորհիվ։ Պապիկյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ:
Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) նույնպես մեկնարկեց որակավորման փուլից` գոտեմարտելով Ալան Ամիրովի հետ. լատվիացի ըմբիշը մաքուր հաղթանակ տարավ Մկրտչյանի նկատմամբ։ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) 1/8 եզրափակիչում 0-9 հաշվով զիջեց Զելիմխան Աբակարովին (Ալբանիա)։ 1/8 եզրափակիչում Լյովա Գևորգայնի (125 կգ) մրցակակիցը Ադրբեջանը ներկայացնող Գեորգի Մեշվիլդիշվիլին էր. հայ ըմբիշը պարտվեց 0-5 հաշվով։
Կնյազ Իբոյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Յարասլավ Իադկովսկու (Բելառուս) հետ և հաղթեց 2-1 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև փետրվարի 16-ին պայքարը սկսած Արսեն Հարությունյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), որոնք դուրս են եկել եզրափակիչ ու պայքարելու են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը վարկանիշային չէ այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։


