Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Ջուլիետա Ավանեսյանը:
Կանանց +87 կգ քաշայիների A խմբում Ավանեսյանը երկամարտի 221 կգ (95+116) արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 90 և 95 կգ, սակայն ձախողեց երրորդ մոտեցումը (97 կգ):
Հրում վարժությունում հայ մարզուհին հաջողությամբ գլխավերևում պահեց 110 և 116 կգ կշռող ծանրաձողերը, սակայն երրորդ մոտեցումը (119 կգ) անհաջող էր:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբլը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը զբաղեցրեց երկրորդ տեղը (252 կգ), իսկ ուկրաինուհի Վալենտինա Կիսիլը երրորդն էր (244կգ):
Կանանց Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները եվրոպական ստուգատեսում:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս պահի դրությամբ նվաճել է 11 մեդալ՝ չորս ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե, և առաջատար է մեդալային հաշվարկում:
Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ):
Տաթև Հակոբյանը (76 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարձել են արծաթեմեդալակիր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։