Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի մրցումային նախավերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:
Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ (107+120) արդյունք և զբաղեցրեց երրորդ տեղը: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 (85+111) կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի Էիլա Սոլֆրիդ Կոանդան, որը երկամարտում գրանցեց 272 կգ (117+155) արդյունք, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանիևսկային՝ 238 կգ (108+130)։
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ), իսկ Պետրոս Պետրոսյանը (109 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:
ԵԱ-ում Հայաստանը երկամարտի մեդալների քանակը հասցրեց 11-ի ու գլխավորում է մեդալային հաշվարկը։ Մրցումային նախորդ օրերի ընթացքում Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92) հռչակվել են Եվրոպայի չեմպիոն, Տաթև Հակոբյանը (76 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարծել են արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):