Հռիփսիմե Խուրշուդյանի (87 կգ) կարիերայի վերջին ելույթը մեդալային էր։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 36-ամյա մարզուհին երկամարտի 227 կգ (105+122) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր ու հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Պոկում վարժությունում Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց 5-րդ տեղը: Վերջին մոտեցումից հետո անվանի մարզուհին մրցահարթակում հանեց մարզակոշիկները, արտասվեց և շնորհակալություն հայտնեց երկրպագուներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում գրավեց չորրորդ տեղը: Հակոբյանը չորրորդն էր նաև պոկում և հրում վարժություններում:
Եվրոպայի չեմպիոն դարձավ նորվեգուհի Կոանդա Սոլֆրիդը, որը երկամարտում գրանցեց 280 կգ (120+160) արդյունք:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հռիփսիմե Խուրշուդյանը մրցահարթակ էր վերադարձել 6 տարվա դադարից հետո, իսկ նախորդ տարի դարձել էր Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա 2007թ․ Եվրոպայի չեմպիոն ու 2006թ․ փոխչեմպիոն է։
Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին՝ 8-րդ օրը 102 կգ քաշային տղամարդկանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Սամվել Գասպարյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Գարիկ Կարապետյաանը: Պետրոս Պետրոսյանն էլ 109 կգ քաշայինների պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք էր ստացել և չէր շարունակել պայքարը:
Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 20-ին, հարթակ դուրս կգան գերծանր քաշային տղամարդիկ, Հայաստանը կներկայացնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:
Մրցումային նախորդ օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի էր արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիանա Գյուրջյանը (81 կգ) երկամարտում զբաղեցրել է չորրորդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)` 5-րդ, իսկ Իզաբելլա Յայլյանը (55 կգ)` 7-րդ։
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


