Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:
Կանանց +87 կգ քաշայինների A խմբում ժամը 13:30-ին մրցահարթակ դուրս կգա Ջուլիետա Ավանեսյանը, որի նախնական հայտը երկամարտում 220 կգ է:
Ժամը 16:00-ին պայքարը կսկսի տղամարդկանց +109 կգ քաշայինների A խումբը: Հայաստանն այս քաշային կարգում կներկայացնեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Վարազդատ Լալայանի նախնական հայտը երկամարտում 450 կգ է, իսկ Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել է 435 կգ:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս պահի դրությամբ նվաճել է 11 մեդալ՝ չորս ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե և առաջատար է մեդալային հաշվարկում:
Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ):
Տաթև Հակոբյանը (76 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարձել են արծաթեմեդալակիր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: