Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-ին կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: «Տնային» առաջնությունը Հայաստանի հավաքականների հնարավորություն է տվել մարզիչներին հայտավորել ամբողջական կազմ՝ 10-ական ծանրորդներով: Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հավաքականներում մեծ թիվ են կազմում երիտասարդները, որոնց համար սա լավ հնարավորություն է ցույց տալ իրենց կարողություններն ու ամրապնդվել մեծահասակների հավաքականում, ոմանց համար նույնիսկ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցելու հեռանկար է: Իսկ փորձառուները պատրաստ են պայքարել բարձր տեղերի համար և ուրախացնել հայ մարզասերին։
VNews-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ծանրորդների ելույթների ժամանակացույցը, նրանց նախնական հայտերը, գլխավոր մրցակիցներին ու հնարավորությունները։
Կանայք, 55 կգ քաշային կարգ, 16.04, ժամը 17:30
Ալեքսանդրա Գրիգորյան, նախնական պատվերը՝ 190 կգ
Իզաբելա Յայլյան, 205 կգ
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտնելու են փորձառու Իզաբելա Յայլյանն ու 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը: Յայլյանի նախնական պատվերը ամենաբարձրն է այս քաշային կարգում, նույնքան է նաև ռումինուհի Անդրեա Կոտրուցայի պատվերը: Այս քաշային կարգում մրցակցությունը շատ մեծ չէ, և Յայլյանը կարող է պայքարել նույնիսկ հաղթանակի համար: Բացի Կոտրոցայից, նրան կփորձի խանգարել նաև ուկրաինուհի Սվետլանա Սամոյլովան:
2022թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն այս առաջնությունում պետք է փորձի կատարել բոլոր մոտեցումները ու հնարավորինս բարձր տեղ զբաղեցնել:
Տղամարդիկ, 67 կգ, 17.04, 20:00
Գոռ Սահակյան, 320 կգ
19-ամյա Գոռ Սահակյանն այս քաշային կարգում Եվրոպայի երիտասարդական կրկնակի չեմպիոն է: Նրա նախնական պատվերը՝ 320 կգ, ամենաբարձրն է այս քաշային կարգում, սակայն ֆավորիտը Եվրոպայի գործող չեմպիոն, բուլղարացի Վալենտին Գենչևն է: Թեև Սահակյանը դեռ երիտասարդ է, բայց լավ հնարավորություն ունի պայքարել մեդալների համար: Բացի Գենչևից, հայ ծանրորդին կփորձեն խանգարել նաև Թուրքիայի ներկայացուցիչներ Ֆերդի Հարդալն ու Կաան Կահրիմանը: Վերջինս Սահակյանի հիմնական մրցակիցն էր երիտասարդների ասպարեզում:
Կանայք, 64 կգ, B խումբ, 18.04. 11:30
Անուշ Սահակյան, 200 կգ
18-ամյա Անուշ Սահակյանը ԵԱ-ին մասկացում է փորձ հավաքելու նպատակով: Պատանի մարզուհին մասնակցելու է B խմբի մրցաշարին:
Տղամարդիկ, 81 կգ, 19.04, 20:00
Ռաֆիկ Հարությունյան, 350 կգ
Եվրոպայի գործող չեմպիոնը վերադառնում է մրցահարթակ վնասվածքից հետո, և վերադառնում է իր չեմպիոնությունը պահպանելու համար: Հարությունյանի նախնական պատվերը զիջում է միայն իտալացի Օսկար Ռեյեսին (360 կգ): Հենց նրանց մեջ էլ կընթանա պայքարը ոսկու համար, թեև ալբանացի փորձառու ծանրորդ Դանիել Գոդելին կփորձի խառնել առաջատարների խաղաքարտերը:
Տղամարդիկ, 89 կգ, 20.04, 17:30
Անդրանիկ Կարապետյան, 370 կգ
Այս քաշային կարգում բոլորը սպասում են աշխարհի ռեկորդակիրներ, իտալացի Անտոնիո Պիցոլատոյի (նախնական պատվերը՝ 375 կգ) և բուլղարացի Կառլոս Նասարի (նախնական պատվերը՝ 380 կգ) դիմակայությանը, իսկ փորձառու Անդրանիկ Կարապետյանը պատրաստ է պայքարել մրցանակային երրորդ տեղի համար: Հայ ծանրորդը պոկում վարժությունում պետք է փորձի հնարավորինս լավ կիլոգրամներ հավաքել, որպեսզի թույլ չտա մրցակիցներին հրում վարժությունով հետ բերել տարբերությունը:
Կանայք, 76 կգ, 20.04, 20:00
Տաթև Հակոբյան, 235 կգ
Էմմա Պողոսյան, 225 կգ
Քաշային կարգի ֆավորիտը Եվրոպայի գործող չեմպիոն, ֆրանսուհի Մարի Ժոզեֆ Ֆեգուն է: Տաթև Հակոբյանի նախնական պատվերը երկրորդն է, ու նա կարող է պայքարել առնվազն արծաթե մեդալի համար: 16-ամյա Պողոսյանը հավաքականի ամենատաղանդավոր մարզուհիներից է: Եթե նա կարողանա կրկնել մարտին տեղի ունեցած երիտասարդների աշխարհի առաջնությունում ցույց տված արդյունքը՝ 221 կգ, ապա կարող է պայքարել մեդալների համար նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
Կանայք, 81 կգ, Բ խումբ, 21.04, 09:00
Աննա Ամրոյան, 210 կգ
Ամրոյանը, ինչպես և Սահակյանը մասնակցելու է B խմբի մրցմանը, և պետք է փորձի հնարավորինս բարձր արդյունք ցույց տալ:
Կանայք, 81 կգ, 21.04, 17:30
Լիանա Գյուրջյան, 230 կգ
Գյուրջյանի համար բավականին բարդ կլինի պայքարել ոսկու համար՝ հաշվի առնելով, որ այս քաշային կարգում են շատ ուժեղ ծանրորդներ Ուկրաինայից՝ Իրինա Դեխան և Ալինա Մարուշչակը: Իսկ երրորդ տեղի համար պայքարում Գյուրջյանը մրցակցելու է Թուրքիայի ներկայացուցիչներ Սարա Շենգյունի և Դիլարա Նարինի հետ:
Տղամարդիկ, 96 կգ, 21.04, 20:00
Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան, երկուսն էլ՝ 380 կգ
Հովհաննիսյանն ու Աղանյանը կարող են կրկնել նախորդ տարվա հաջողությունը, երբ Դավիթը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Արան դարձավ փոխչեմպիոն: Նրանց նախնական հայտն ամենաբարձն է այս քաշային կարգում: Հայ ծանրորդներին կփորձեն խանգարել Եվրոպայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր, ֆրանսիացի Ռոմեն Իմադուշենը և իտալացի տաղանդավոր երիտասարդ Ջուզեպե Ֆիչիոն:
Տղամարդիկ, 102 կգ, 22.04, 15:00
Գարիկ Կարապետյան, 400 կգ
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում 19-ամյա Գարիկ Կարապետյանի նորամուտը 102 կգ քաշային կարգում: Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոնի նախնական հայտն ամենաբարձրն է, բացի այդ, բացակայում է այս քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Դավիդ Ֆիշերովը: Հետաքրքիր կլինի հետևել հայ ծանրորդի պայքարին երիտասարդներում իր հիմնական մրցակից մոլդովացի Տուդոր Բրատուի հետ։ Եթե Կարապետյանը կարողանա 400 կգ-ին մոտ արդյունք գրանցել, մեծ հավանականությամբ չեմպիոն կդառնա: Բացի այդ, հայ ծանրորդը կարող է լուրջ մրցակցություն ցույց տալ այս քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանին օլիմպիական ուղեգիր նվաճելու հարցում:
Տղամարդիկ, 109 կգ, 22.04, 17:30
Պետրոս Պետրոսյան, 390 կգ
Սամվել Գասպարյան, 400 կգ
Գասպարյանը փոխել է քաշային կարգը և հանդես է գալու 109 կգ քաշայինների պայքարում: Դա մի փոքր տարօրինակ է՝ օլիմպիական վարկանիշային միավորների տեսանկյունից, քանի որ այս առաջնությունում գյումրեցի ծանրորդի ձեռք բերած օլիմպիական վարկանիշային միավորները գրանցվելու են գերծանր քաշայինների աղյուսակում, իսկ նա 102 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգրի գլխավոր հավակնորդն է: Ինչևիցե, Գասպարյանը 109 կգ քաշային կարգում էլ կարող է պայքարել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար, նրա նախնական հայտն ամենաբարձրն է, իսկ 20-ամյա Պետրոս Պետրոսյանինը՝ երկրորդը: Այս քաշային կարգում էլ հնարավոր է, որ երկու հայ ծանրորդ բարձրանա պատվո հարթակին, թեև վրացի Գիորգի Չխեիձն ու բուլղարացի Վասիլ Մարինովը կփորձեն խանգարել դրան։
Կանայք, 87 կգ, 22.04, 20:00
Մարգարիտա Առաքելյան, 205 կգ
Հռիփսիմե Խուրշուդյան, 240 կգ
Եթե 20-ամյա Մարգարիտա Առաքելյանի համար առաջնությունը փորձ հավաքելու լավ առիթ է, ապա փորձառու Խուրշուդյանը մրցահարթակ է դուրս գալու միմիայն մեդալ նվաճելու համար: Քաշային կարգում կա անվիճելի առաջատար՝ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, նորվեգուհի Սոլֆրիդ Կոանդան, և դժվար թե ինչ-որ մեկը խանգարի նրան ոսկե մեդալ նվաճելու հարցում։ Ուկրաինուհի Անաստասիա Մանիևսկայան արծաթե մեդալի գլխավոր հավակնորդն է, սակայն Խուրշուդյանն ի զորու է պայքարել նրա հետ։ Հայ մարզուհու գործը կարող է հեշտացնել այն, որ Երևան չի ժամանելու նախորդ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Վրաստանը ներկայացնող ուկրաինուհի Անաստասիա Հոտֆրիդը։
Կանայք, +87 կգ, 23.04, 13:30
Ջուլիետա Ավանեսյան, 220 կգ
17-ամյա Ջուլիետա Ավանեսյանի համար առաջնությունը լավ փորձ կլինի պատանիների առաջիկա մրցումներից առաջ։
Տղամարդիկ, +109կգ, 23.04, 16:00
Սիմոն Մարտիրոսյան, 435 կգ
Վարազդատ Լալայան, 450 կգ
Գերծանր քաշային կարգում հայ մարզասերն իրավունք ունի երկու մեդալ ակնկալել։ Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ նվաճելու գլխավոր հավակնորդն է, իսկ Վարազդատ Լալայանը կփորձի ձեռնոց նետել վրացի հսկա Լաշա Տալախաձեին։ Ոսկու հարցը կախված է վրացի ծանրորդի մարզավիճակից։ Եթե նրա մոտ ամեն ինչ նորմալ լինի, ապա դժվար թե լուրջ պայքար լինի, հակառակ դեպքում Լալայանը կփորձի եվրոպական գահը խլել Տալախաձեից։
- Երևանյան ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը
- Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները
- Նազիկ Ավդալյան. «Անչափ ուրախ եմ, որ մրցավարական նորամուտս նշելու եմ Հայաստանում»
- IWF նախագահ. «Գիտեմ, որ հայերը մեծ սիրտ ունեն և պատրաստ են լավագույնս ընդունել բոլորին»
- Սիմոն Մարտիրոսյան. Վելերի և Չիգիշևի օրինակով. ինչպես վերակենդանացնել կարիերան
- Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար