Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի մրցախաղերը:
Մրցաշարը հաղթանակով սկսած Հայաստանի 8 շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը կրկին հաղթեցին:
Գաբրիել Սարգսյանը սպիտակներով 56-րդ քայլին պարտության մատնեց Իսրայելի ներկայացուցիչ Յաիր Պարխովին: Շանթ Սարգսյանը սևերով առավելության հասավ իսրայելցի մեկ այլ շախմատիստ Էյթան Ռոզենի նկատմամբ, իսկ Մամիկոն Ղարիբյանը սպիտակներով հաղթեց նիդերլանդցի Էլայն Ռոբերսին:
Գաբրիելը, Շանթն ու Մամիկոնը 2-ական միավորով առաջատարների խմբում են:
Առաջին հաղթանակները տարան Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Վահե Դանիելյանը:
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց իսպանացի Ռեյներ Կաստելանոսի հետ, Մանուել Պետրոսյանն էլ միավորը կիսեց ռումինացի Սամուել-Տիմոֆեյ Գիմպուի հետ պարտիայում: Մրցակիցների հետ հաշտություն կնքեցին նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արմեն Բարսեղյանն ու Էմին Օհանյանը:
Հայ շախմատիստներից միակ պարտությունը կրեց Ալեքս Սահակյանը: Այդ պարտությունը նրա համար առաջինն էր մրցաշարում:
Մարտի 5-ին կկայանա Եվրոպայի առաջնության 3-րդ տուրը: