Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող ևս 5 ըմբիշներ։
2020թ․ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ առանց խնդիրների հաղթահարեց հույն Իլիաս Զաիրակիսի արգելքը՝ 9-0։ Ղարիբյանի հաջորդ մրցակիցը կլինի ռումինացի Ռեզվան Արնաուտը։
Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 2 րոպե 9 վայրկյանում 12-4 հաշվով հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին։ Քառորդ եզրափակիչում Գալստյանը կգոտեմարտի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռուսլան Բիչուրինի հետ։
Աշոտ Խաչատրյանը (72 կգ) ևս մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 3-6 հաշվով պարտվելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերին։
Կարեն Խաչատրյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում 8-6 հաշվով հաղթեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչին։ Հայ ըմբիշը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Իսլամ Ալիևի հետ։
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում մրցել էր թուրք Բեյթուլահ Կայիսդագի հետ ու ժամկետից շուտ վստահ հաղթանակ տարել 9-1 հաշվով։ Գյումրեցի ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի Նիդերլանդների ներկայացուցիչ Տիրոնե Ստերկենբուրգը։
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև փետրվարի 12-ին պայքարը սկսած Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։ Ամոյանը եզրափակիչում ուժերը կչափի թուրք Յունուս Բասարի հետ, Խաչատրյանը բրոնզե մեդալը կվիճարկի բուլղարացի Ստեֆան Գրիգորովի հետ։
Դավիթ Օվասապյանը (130 կգ) սփոփիչ գոտեմարտում 2-3 հաշվով պարտվել է նորվեգացի Օսկար Մավրիկին ու ավարտել ելույթները։


