Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4-րդ տեղն է գրավել թիմային հաշվարկում։
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը ԵԱ-ին մասնակցեց ամբողջական կազմով (10 ըմբիշ) և ելույթն ավարտեց 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալով։ Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն, Արման Անդրեասյանն (70 կգ) առաջին անգամ նվաճեց ոսկե մեդալ, իսկ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) արժանացավ բրոնզե մեդալի։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում վաստակեց 71 միավոր։ Առաջին տեղը գրավեց Թուրքիայի թիմը` 140 միավոր։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով և 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն էր գրավել թիմային հաշվարկում (99 միավոր): Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 7-րդ անգամ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) ոսկե մեդալ էր նվաճել երրորդ տարին անընդմեջ, իսկ Մանվել Խաչատրյանն (55 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը 4 ոսկե, 2 բրոնզե մեդալով զբաղեցրեց 3-րդ տեղը։
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէր այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սլավիկ Գալստյանը (67 կգ)։


