Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած 5 հայ ըմբիշներից կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց միայն Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Քառորդ եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 8-3 հաշվով կամային հաղթանակի հասավ Նիդերլանդների ներկայացուցիչ Տիրոնե Ստերկենբուրգի նկատմամբ։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ մրցել էր թուրք Բեյթուլահ Կայիսդագի հետ ու ժամկետից շուտ վստահ հաղթանակ տարել 9-1 հաշվով։
Երեկոյան մրցահերթում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Աբուբաքար Խասլախանաուի հետ։
2020թ․ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) երկրորդ գոտեմարտում 1-2 հաշվով պարտվեց ռումինացի Ռեզվան Արնաուտին։ 1/8 եզրափակիչում Ղարիբյանն առանց խնդիրների հաղթահարել էր հույն Իլիաս Զաիրակիսի արգելքը՝ 9-0։
Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 2 րոպե 9 վայրկյանում 12-4 հաշվով հաղթել էր շվեդ Նիկլաս Օեհլենին, սակայն հաջորդ գոտեմարտում 0-9 հաշվով պարտվեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռուսլան Բիչուրինին։
Աշոտ Խաչատրյանը (72 կգ) ևս մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ 3-6 հաշվով պարտվելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերին։
Կարեն Խաչատրյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում 8-6 հաշվով հաղթել էր խորվաթ Ֆիլիպ Սաչիչին։ Հայ ըմբիշը կիսաեզրափակիչի ուղեգիրը վիճարկեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Իսլամ Ալիևի հետ ու պարտվեց 0-8 հաշվով։
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև փետրվարի 12-ին պայքարը սկսած Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։ Ամոյանը եզրափակիչում ուժերը կչափի թուրք Յունուս Բասարի հետ, Խաչատրյանը բրոնզե մեդալը կվիճարկի բուլղարացի Ստեֆան Գրիգորովի հետ։
Դավիթ Օվասապյանը (130 կգ) սփոփիչ գոտեմարտում 2-3 հաշվով պարտվել է նորվեգացի Օսկար Մավրիկին ու ավարտել ելույթները։


