Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 ըմբիշներից ևս մեկը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչից պայքարը սկսած Արման Ավագյանը (79 կգ) 5-1 հաշվով առավելության հասավ ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը կմրցի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ): Առաջին օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։
1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։
Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 18-ին։
Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում