Logo

ԵԱ․ Արման Անդրեասյանը եզրափակիչում է, Վազգեն Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

19:17 / 16.02.2024Ըմբշամարտ
null

Արման Անդրեասյանը (70 կգ) հասավ անհավանական հաղթանակի և դուրս եկավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի երկրորդ մեդալը։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշն ուժերը չափեց աշխարհի գործող չեմպիոն, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսակաևի հետ ու հաղթեց 8-5 հաշվով։ Գոտեմարտի ընթացքում Մուսակաևը հաղթում էր 5-0 հաշվով, բայց Անդրեասյանը հասավ տպավորիչ կամային հաղթանակի։ Նա 4 միավորանոց հաղթական հնարք կատարեց վերջին վայրկյաններին։

Եվրոպայի փոխչեմպիոն (2022թ․) ու բրոնզե մեդալակիր (2021թ․) Անդրեասյանը փետրվարի 17-ին ոսկե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ։ 1/8 եզրափակիչում Արմանը 3-1 հաշվով ուժեղ էր գտնվել գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուից, իսկ երկրորդ գոտեմարտում 6-5 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևին։

Քիչ առաջ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ), որն Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Բազարգանովին հաղթեց ժամկետից շուտ՝ 10-0։ Գոտեմարտը տևեց 1 րոպե 28 վայրկյան։

Փետրվարի 17-ին 24-ամյա Հարությունյանը Եվրոպայի չորրորդ չեմպիոնության համար կպայքարի թուրք Մուհամետ Կարավուսի հետ։ Հայ ըմբիշը (57 կգ) պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 2 րոպեում 10-0 հաշվով վստահ հաղթել էր ուկրաինացի Կամիլ Կերիմովին։ 

ԵԱ-ի առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները պարտություն էին կրել։

Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) տիտղոսի պաշտպանությունը սկսել էր լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով և կամային հաղթանակ տարել 7-2 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Թևանյանը 4-5 հաշվով պարտվել էր էր ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին, որը դուրս է եկել եզրափակիչ՝ հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Փետրվարի 17-ին Վազգենը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի գերմանացի Անդրե Կլարկեի դեմ ու հաղթանակի դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Գոդերձի Ձեբիսաշվիլու հետ։

Արման Ավագյանը (79 կգ) նույնպես մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ հավասար միավորների պայմաններում հաղթելով Ռումինիան ներկայացնող Յակուբ Շիխդժամալովին (6-6)։ Քառորդ եզրափակիչում Ավագյանը 4-8 հաշվով պարտվել էր վրացի Ավթանդիլ Կենտչաձեին, որն էլ պարտություն է կրել հաջորդ գոտեմարտում։

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում 2-13 հաշվով պարտվել էր Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Սուլթանովիչ Բատաևին ու ավարտել ելույթները։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն փետրվարի 17-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով և 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն էր գրավել թիմային հաշվարկում: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 7-րդ անգամ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) ոսկե մեդալ էր նվաճել երրորդ տարին անընդմեջ, իսկ Մանվել Խաչատրյանն (55 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: 

Եվրոպայի առաջնությանը վարկանիշային չէ այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ