Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած 5 հայ ըմբիշներից միայն երկուսին հաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ։
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ 2 րոպեում 10-0 հաշվով վստահ հաղթեց ուկրաինացի Կամիլ Կերիմովին։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշն ուժերը կչափի Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Բազարգանովի հետ։
Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում 3-1 հաշվով ուժեղ գտնվեց գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուից, իսկ երկրորդ գոտեմարտում 6-5 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևին։ Երեկոյան մրցահերթում Անդրեասյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսակաևի հետ։
Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) տիտղոսի պաշտպանությունը սկսեց լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով և կամային հաղթանակ տարավ 7-2 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Թևանյանը մրցեց ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովի հետ ու լարված պայքարում պարտվեց 4-5 հաշվով։
Արման Ավագյանը (79 կգ) նույնպես մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ հավասար միավորների պայմաններում հաղթելով Ռումինիան ներկայացնող Յակուբ Շիխդժամալովին (6-6)։ Քառորդ եզրափակիչում Ավագյանը 4-8 հաշվով պարտվեց վրացի Ավթանդիլ Կենտչաձեին։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում մրցեց Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Սուլթանովիչ Բատաևի հետ ու պարտվեց ժամկետից շուտ՝ 2-13։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն փետրվարի 17-ին:


