Հայ ձյուդոիստները բաց թողեցին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում հոկտեմբերի 6-12-ը կայացած աշխարհի առաջնությունը, քանի որ շարունակում են վերականգնվել վնասվածքներից ու չէին հասցրել հավաքել անհրաժեշտ մարզավիճակ։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Հովհաննես Դավթյանը։
«Ինչպես գիտեք, մեր թիմի առաջատարները վնասվածքներ ունեին և չէին հասցրել լիարժեք պատրաստվել աշխարհի առաջնությանը։ Այդ պատճառով որոշեցինք զերծ մնալ այդ մրցմանը ներկայանալուց, քանի որ սկզբունքորեն տրամադրված ենք պաշտոնական մրցաշարերին մասնակցել միայն մեդալների ակնկալիքով։ Չենք ցանկանում պարզապես սահմանափակվել մասնակցությամբ։ Ըստ այդմ՝ թերի պատրաստվածության դեպքում բաց ենք թողնելու ցանկացած մրցում և պատրաստվելու ենք հաջորդ կարևոր մեկնարկին։ Հիմնականում դա է եղել Տաշկենտ չմեկնելու պատճառը»,- նշեց մարզիչը։
Հովհաննես Դավթյանը տեղեկացրեց, որ աշխարհի առաջնությանը նախատեսել էին գործուղել Արսեն Ավետիսյանին և Ֆերդինանդ Կարապետյանին։
«Երկուսն էլ դեռ շարունակում են բուժվել, բայց նաև մարզվում են։ Փորձում են հասնել համապատասխան մարզավիճակի։ Արսենն ու ևս չորս մարզիկ պատրաստվում են հոկտեմբերի 28-30-ը Սարաևոյում անցկացվելիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Վրաստանի Գորի քաղաքում սկսում ենք 14-օրյա ուսումնամարզական հավաք, որի արդյունքներով էլ կկողմնորոշվենք մասնակցության հարցում։ Թիմում կան վնասվածք ունեցող ևս մի քանի ձյուդոիստներ, որոնց պատրաստվածության մասին ընդհանուր պատկերացում կկազմենք առաջիկա շաբաթներին։ Եթե որոշենք մասնակցել, անմիջապես կհրապարակենք հավաքականի կազմը։ Շատ հնարավոր է, որ բաց թողնենք նաև այս մրցումը։ Կրկնում եմ՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցելու ենք միայն լավ պատրաստված լինելու դեպքում։ Իսկ մարզիկներին փորձելու համար առանձնացրել ենք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերն ու այլ մրցաշարեր»,- մանրամասնեց Դավթյանը։
Ըստ մարզչի՝ տարվա վերջին երկու ամիսներին նախատեսված չէ Հայաստանի ձյուդոիստների մասնակցությունը միջազգային մրցաշարերի։ Հավաքականը սահմանված ծրագրով կսկսի պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։