Արսեն Վենգերի գլխավորությամբ «Արսենալն» ունեցել է բազմաթիվ տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդներ: Ակումբի ակադեմիայի սաներից ամենահեռանկարային Ջեք Ուիլշերն էր, որը 16 տարեկանից սկսած ելույթներ էր ունենում հիմնական թիմի կազմում: Ջեքն անհավանական տաղանդ ուներ. 18 տարեկանում «ծովը նրա ծնկներից էր», նրան համարում էին Անգլիայի հավաքականի ապագան: Կար տպավորություն, որ առաջիկա տարիներին հենց նա է լինելու իր ակումբի ու հավաքականի ավագը: Ուիլշիրի տաղանդը տեսնում էին նաև թիմի աստղերը՝ Թիերի Անրին ու Սեսկ Ֆաբրեգասը, որոնց կողմից Ջեքը VIP վերաբերմունքի էր արժանանում:
Ուիլշերին համեմատում էին Չավիի հետ: Իր խաղաոճով նա իսկապես նման էր թե՛ Չավիին, թե՛ Ինիեստային: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում էլ «Բարսելոնան» խաղաց «Արսենալի» դեմ, Ուիլշերն էլ իսկական ներկայացում ցույց տվեց այդ խաղին: Կատալոնական ակումբը հետաքրքրվեց անգլիացու ծառայություններով, բայց Ուիլշերը վնասվածք ստացավ՝ մինչև այդ մրցաշրջանի ավարտն ու շարքից դուրս եկավ:
Նրա տաղանդի, խաղային հասունության, գնդակը վերահսկելու կարողության, ճշգրիտ փոխանցումներ բաժանելու և գնդակով առաջ շարժվելու կարողությունը հիացրել է շատ-շատերին: Նրա տաղանդի մասին խոսում է «Արսենալում» 2012-ից 2018 թվականներին որպես մարզիչ աշխատած Նեիլ Բանֆիլդը. «Ջեքը բացառիկ ֆուտբոլային ինտելեկտ ուներ 18-19 տարեկանի համար: Նա կարծես պոետ լիներ խաղադաշտում, որ անդադար ստեղծագործում էր: Նա կանգնում էր, կարդում իրավիճակը, հետո շարժվում առաջ, բացում ազատ տարածություններ խաղընկերների համար:
Նա կարճ տարածություններում փոխանցումների և պատ խաղալու հարցում հավասարը չուներ: Նա կարծես աչքեր ունենար մեջքին, քանի որ զգում էր՝ ինչ է կատարվում իր թիկունքում: Հիմա ասում են՝ Սանչոն ու Ֆոդենը բացառիկ տաղանդներ են, բայց դուք տեսե՞լ եք՝ ինչ էր անում Ուիլշերն այդ տարիքում»:
Ուիլշերը 182 խաղ է անցկացրել Պրեմիեր լիգայում: Թվում է՝ քիչ չէ, բայց եթե հաշվի առնենք, որ նա միայն 50 խաղ անցկացրել է 2010-ի փետրվարից 2011-ի մայիսի ընթացքում: Ուիլշերը վնասվածքի պատճառով բաց թողեց ամբողջ 2011/12 մրցաշրջանը: 2014/15-ին հնարավոր 3420 խաղային րոպեից Ջեքը խաղացել է 729 րոպե, 2015/16-ին՝ 142, 2018/19-ին՝ 392, 2019/20-ին՝ 215:
2018-ին Ուիլշերը 3 տարվա պայմանագիր կնքեց «Վեսթ Հեմի» հետ: Այնտեղ անցկացրած 2 մրցաշրջանում, սակայն, անցկացրեց ընդամենը 6 խաղ:
«Պետք է անկեղծ լինեմ՝ իմ այս քայլն էլ չաշխատեց: «Վեսթ Հեմում» ևս ես չկարողացա ինձ ֆուտբոլիստ զգալ», – նշեց Ուիլշերը հարցազրույցներից մեկում:
Ուիլշերի վնասվածքների հիմքում, այնուամենայնիվ, ընկած է երիտասարդ տարիքում չափազանց շատ խաղեր անցկացնելը, ինչպես հիմա Պեդրիի դեպքում է: 2011-ի մայիսին, երբ նա իր առաջին ծանր վնասվածքը ստացավ, հենց դա էր ընդգծում. «Իմ խաղի բարձր ինտենսիվությունը սպանեց ինձ: Ես ամեն օր մարզվել եմ ու 55 խաղ անցկացրել այս տարի: Երբ վազում եմ՝ զգում եմ, թե որքան եմ ծանրացել: Այս վնասվածքն անխուսափելի էր»:
Նեիլ Բանֆիլդը բացատրում է, որ միայն ծանրաբեռնվածությունը չէ Ուիլշերի վնասվածքի պատճառը. «Մենք ամեն կերպ ցանկանում էինք պաշտպանել Ջեքին, բայց դա անելը շատ դժվար էր: Նա միայն ծանրաբեռնվածությունից չէր, որ վնասվածքներ էր ստանում: Ջեքն այնպիսի խաղաոճ ուներ, որ մրցակիցները ստիպված էին անդադար սահանկումներով տապալել նրան խոտածածկին:
Երբ առաջին ծանր վնասվածքը նա ստացավ, ոչ ոք չէր պատկերացնում, որ դա ճակատագրական է լինելու: Դա առաջինն էր այն վնասվածքների լաբիրինթում, որտեղ կորելու էր Ջեքը»:
Հիմա՝ դաժան իրականությունը
Այդ ժամանակներից անցել է մոտ 10 տարի: 29-ամյա Ուիլշիրն արդեն մեկ տարի է՝ առանց թիմ է մնացել ու հիմա մարզվում է Բ Սերիայի «Կոմո 1907» թիմի հետ: Ուիլշիրը պնդում է, որ ամբողջովին օպտիմալ մարզավիճակ ունի, բայց կարիերայում ստացած վնասվածքները թողել են իրենց հետքը. «Կարծում եմ՝ բոլոր ակումբների ղեկավարների մոտ կա կարծրացած միտք իմ մասին. «նա լավ ֆուտբոլիստ է, բայց հաստատ վնասվածք է ստանալու»:
Իրականում՝ այժմ ես այդքան էլ մեծ ֆիզիկական խնդիրներ չունեմ: Իմ վերջին վնասվածքը լուրջ չէր: Ես ամեն օր մարզվել եմ: Երբ «Բորնմութում» էի, բոլոր հանդիպումներին ֆիզիկապես պատրաստ եմ եղել մասնակցել: Իսկապես հիասթափված եմ մյուս ակումբների ղեկավարների վերաբերմունքից: Տվե՛ք ինձ հնարավորություն, թողե՛ք՝ ապացուցեմ, որ լավ մարզավիճակում եմ»:
Մեր ընտրանին.
-
«Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց
-
«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման
-
«Կայսրը մեռավ. Կեցցե՛ կայսրը». Ուր է հիմա Ադրիանոն և ինչու կործանվեց նրա ֆանտաստիկ ապագա ունեցող կարիերան
«Սա հիասթափեցնող է ու կոտրում է քո հոգին»
Ջեքին չափազանց մեծ ցավ է պատճառում իր իրավիճակն ու ազդում նաև նրա հոգեբանության վրա. «Այս իրավիճակը հիասթափեցնող է ու կոտրում է քո հոգին, հատկապես այն պարագայում, երբ ամեն օր քրտնաջան մարզվում ես, բայց ամեն ինչ չէ, որ քեզանից է կախված: Պետք է շարունակես աշխատել, վազել: Ինձ համար այս ամենի միջով անցնելը շատ ծանր է: Չգիտեմ՝ ինչ անել»:
«Կոմո 1907-ին» Ուիլշերը երախտապարտ է՝ գոնե մարզվելու, մարզավիճակը պահպանելու հնարավորություն իրեն ընձեռելու համար: Ասում է՝ Իտալիայում նրա վնասվածքների մասին քչերը գիտեն. «10 տարեկան որդի ունեմ, որը խենթանում է ֆուտբոլի համար: Տեսնում եմ՝ ինչպես է որդիս ամեն օր կարդում Sky Sports-ի նորությունները: Բայց ինձ համար դժվար է նրան բացատրել՝ ինչ է կատարվում ինձ հետ: Նա միշտ ինձ հարցնում է՝ արդյոք որևէ թիմում խաղալու եմ, ու ես ամեն անգամ սրտի կսկիծով բացասական պատասխան եմ տալիս նրան: Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել, որովհետև դժվար է երեխայիդ բացատրել, որ ոչ մի ակումբ քեզ չի ցանկանում գնել»:
Այնուամենայնիվ, Ուիլշերի իրավիճակը կարող է փոխվել: «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նրան ասել է, որ կարող է մարզվել իր նախկին թիմի հետ, եթե ցանկանա: Բայց «Արսենալ» վերադառնալու դռները Ջեքը փակել է:
Ուիլշերը պաշտոնական առաջարկ չունի: Հասկանալի է՝ դժվար է խաղադրույք կատարել ֆուտբոլիստի համար, որը հաճախ է վնասվածք ստանում: Ավարտվե՞լ է Ուիլշերի ժամանակը, թե՞ նա իր կյանքի երկրորդ հնարավորությունը դեռ կունենա: