NBA-ում հանդես եկող «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերսի» կենտրոնական, ազգությամբ թուրք Էնես Կանտերն իր ինստագրամյան սթորիում սքրինշոթ է հրապարակել Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին գրած հաղորդագրությունից:
Կանտերի հաղորդագրությունը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:
«Մեծանալուս հետ մեկտեղ իմ լավագույն ընկերներից մեկը հայ է եղել, ու ես շատ բան եմ սովորել նրանից ու նրա ընտանիքից: Իմ կարիերայի ընթացքում և NBA-ում ես ունեցել եմ գլխավոր մարզչի հայ օգնականներ, որոնք ինձ համար շատ օգտակար են եղել:
Ես զգում եմ քո և ձեր ժողովրդի ցավն ու աղոթում եմ բոլորիդ համար: Ինձ ցավ է պատճառում այն, որ ես տեսնում եմ՝ ինչպես են անմեղ մարդիկ վնասվում ու մահանում:
Թուրքական խելագար ռեժիմը մերկացնելու շատ քայլեր եմ ձեռնարկել ու շարունակում եմ ձեռնարկել, ու դիկտատոր Էրդողանը չի կարող մեզ կոտրել, եթե մենք համախմբվենք ու մնանք միասնական:
Էրդողանի վերաբերմունքը ոչ միայն ձեր ազգի, այլև մյուսների նկատմամբ զզվելի է, հիասթափեցնող ու տխուր:
Ինձ և քեզ նման մարդիկ պետք է լինեն առաջնորդող ու օրինակ ծառայեն:
Մենք պետք է սկսենք կառուցել խաղաղություն ու կամուրջներ և ոգեշնչենք մեր երիտասարդ սերունդներին, որ մեծանալով չբախվեն այն խնդիրներին, որ այսօր կան:
Մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք:
Մենք մեծ ընտանիք ենք:
Ձեր ցավն իմ ցավն է: Այս հարցում մենք միասնական ենք»,- գրել է Էնես Կանտերը Հենրիխ Մխիթարյանին ուղղված նամակում:


