MMA-ում չեմպիոնական գոտին պաշտպանելը շատ բարդ է: Այդ ճանապարհին մարտիկները ենթարկվում են լուրջ ճնշումների:
Նրանց լարվածության մեջ են պահում կազմակերպիչները, լրատվամիջոցներն ու երկրպագուները: Լարվածությունը երբեմն այնքան մեծ է լինում, որ հաճախ մարզիկները դիմում են հարկադրված քայլերի։ Եղել են դեպքեր, որ մարտիկներն ուղղակի հրաժարվել են մենամատից կամ էլ ձևացրել են, որ վնասվածք ունեն՝ մենամարտը հետաձգելու նպատակով:
Վերջին տարիներին UFC-ի ոչ մի մարտիկ չի զգացել ավելի մեծ ճնշում, քան նախկին չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին:

Ավստրալացին 2019-ից 2024 թվականներին գլխավորել է դիվիզիոնի վարկանշային աղյուսակը: Նա այդ ընթացքում հաղթել է դիվիզիոնի բոլոր ուժեղ մարտիկներին՝ ներառյալ Մաքս Հոլուեյին, որի հետ պայքարում առավելության է հասել 3 անգամ: Վոլկն այդ ժամանակահատվածում P4P-ի լավագույնների շարքում էր:
Ալեքսը UFC-298-ում պարտվեց Իլյա Տոպուրիային ու կորցրեց չեմպիոնական գոտին:

Շատ են մարտիկները, որոնք փորձում են պաշտպանել չեմպիոնական գոտին ու հաստատել իրենց բարձր կարգը:
Փետրվարի 9-ին Սիդնեյում կկայանա UFC-312-ը, որտեղ միջին քաշային կարգի չեմպիոն Դրիկուս դյու Պլեսին ուժերը կչափի Շոն Սթրիքլենդի հետ, կանանց պայքարում էլ թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Ուեյլի Ժանը կմրցի Տատյանա Սուարեսի հետ:
Դիկուս դյու Պլեսին հենց Սթրիքլենդից է խլել չեմպիոնական գոտին ու հասցրել է նաև պաշտպանել տիտղոսը՝ հաղթելով Իսրայել Ադեսանյային:
ՀԱՀ-ը ներկայացնող մարզիկը կարիերայի ընթացքում լավագույն հնգյակում ընդգրկված մարտիկներից չի մրցել միայն Նասուրդին Իմավովի ու Խամզաթ Չիմաևի հետ:
Դյու Պլեսին այս մենամարտում ունի հավելյալ մոտիվացիա, որովհետեև Դանա Ուայթը բազմիցս նշել է, որ UFC-ի մրցաշար կարող է անցկացվել նաև ՀԱՀ-ում: Դյու Պլեսիի հաղթանակի դեպքում դրա շանսերը կտրուկ կմեծանան:
Սա շատ կարևոր պահ է նաև Սթրիքլենդի համար. ամերիկացին կփորձի ռևանշի հասնել՝ Իսրայել Ադեսանյայի ճակատագրին չարժանանալու համար:

Դրիկուս դյու Պլեսին պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 24 մենամարտ, տարել է 22 հաղթանակ, 9-ը՝ նոկաուտով, 11-ը՝ հնարքով, 2 մենամարտ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 2 պարտություն։
Շոն Սթրիքլենդն անցկացրել է 35 մենամարտ, տարել է 29 հաղթանակ, 11-ը՝ նոկաուտով, 4-ը՝ հնարքով, 14-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 6 պարտություն։
UFC 312-ը կկայանա փետրվարի 9-ին: Հիմնական քարտի մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 07:00-ից և կհեռարձակվեն միայն Fast TV հավելվածում:


