Իտալիայի ազգային հավաքականի ավագ Ջանլուիջի Դոնարուման Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում 0-2 հաշվով Շվեյցարիային պարտվելուց հետո ներողություն է խնդրել երկրպագուներից:
«Ցավալի է դուրս մնալ այսպես, մենք ներողություն ենք խնդրում բոլորիցդ: Այսօր հիասթափեցրինք, մրցակիցն արժանի էր հաղթանակի։
Առաջին խաղակեսում մենք շատ հաճախ էինք կորցնում գնդակը և շատ ազատ տարածություններ թողնում Շվեյցարիային: Երկրորդ խաղակեսը պետք է լավ սկսեինք, բայց անմիջապես գոլ բաց թողեցինք։ Շատ բարդ հանդիպում էր, դժվար կլինի այն մարսել։
Արդյո՞ք մեզ պակասում էր համարձակությունը։ Այս խաղում մեզ պակասում էր ամեն ինչ, այդ թվում՝ որակը»,- ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահի խոսքը մեջբերում է Tutto Mercato-ն։
Հիշեցնենք, որ Իտալիան Եվրոպայի գործող չեմպիոնն է:
Շվեյցարացիները Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցեն Անգլիա - Սլովակիա զույգի հաղթողի դեմ: