Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան կարիերան կշարունակի MLS-ում հանդես եկող «Լոս Անջելես Գելեքսիում»՝ հայտնում են հեղինակավոր ինսայդերներ Ֆաբրիցիո Ռոմանոն և Նիկոլո Սկիրան։
Ռոմանոյի տեղեկություններով՝ 31-ամյա բրազիլացին վարձավճարով հանդես կգա մինչև 2022 թվականի ամառ, որից հետո 2 տարվա պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ։ Սկիրան հայտնում է, որ վարձակալության ժամկետը կլինի մինչև 2022 թվականի վերջ, և ամերիկյան թիմը հնարավորություն կունենա այն երկարաձգել ևս մեկ տարով:
Հիշեցնենք՝ 2021 թվականի մայիսից Կոստան վարձավճարով հանդես է գալիս բրազիլական «Գրեմիոյում»։ Բրազիլիայի առաջնության ավարտված մրցաշրջանում նա անցկացրել է 26 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, սակայն ակումբին չի օգնել տեղը պահպանել բարձրագույն լիգայում:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Ավելի վաղ Եվրոպայում Կոստան պաշտպանել է Դոնեցկի «Շախտյորի» և Մյունխենի «Բավարիայի» գույները։
Հավելենք՝ 2021 թվականի մրցաշրջանում «Լոս Անջելես Գելեքսին» զբաղեցրել է 8-րդ տեղը MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում և չի նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։