Logo

Դռները բացե՛ք, Չեմպիոնների լիգան է գալիս. մրցաշարը հաղթելու 5 ֆավորիտները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
16:30 / 16.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Որոշ ֆուտբոլասերների համար եվրոպական ակումբային մրցաշրջանը սկսվում է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղով, որոշների համար՝ ներքին առաջնությունների առաջին տուրի խաղերով, իսկ մյուսների համար սկզբնական և որպես կանոն ցածր տեմպով ընթացող այդ խաղերը պարզապես մրցաշրջանի նախերգանքն են, ինչպես գեղարվեստական գրքերում եղանակի կամ իրավիճակի մասին երկար ու ձիգ նկարագրությունները մինչև բուն գործողությունների, իրադարձությունների մեկնարկը:

Ֆուտբոլում ներկայացման գործողությունը սկսվում է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի մեկնարկով, երբ այլևս ստուգողական խաղեր չկան, երբ ֆուտբոլիստների՝ ամառային արձակուրդների ընթացքում ստացած արևայրուքների հետքերն արդեն վերացել են, երբ բոլորը մարզավիճակ են հավաքել, երբ զգացողություններն առօրեական չեն, երբ դաշտում տեսնում են Playstation-ի ու Heineken-ի վահանակները, երբ շրջագայում են Եվրոպայով՝ բացահայտելու նոր մշակույթներ:

Չեմպիոնների լիգայում նվազագույնը վերջին 10 տարիներին այսքան շատ ֆավորիտներ չեն եղել, մրցաշարի հանգուցալուծումն այսքան անկանխատեսելի չի եղել:

Այդուհանդերձ, FastNews-ը փորձում է հասկանալ՝ ինչպիսին է ուժերի դասավորությունը:

5 հիմնական ֆավորիտները

ՊՍԺ

Սկսենք գործող գավաթակրից: ՊՍԺ-ն ավելի քան մեկ տասնամյակ ձգվող ժամանակահատվածում ծախսեց անհավանական գումարներ ու նյարդեր, մի քանի անգամ փոխեց կազմը, փոխեց մարզիչներին, անցավ հիասթափությունների ու «արյունոտ» պարտությունների միջով, քարկոծվեց, ենթարկվեց ծաղրանքների, երբեմն հեղինակազրկվեց, բայց, ի վերջո, փոխեց մարդկանց պատկերացումներն իր մասին: Հիմա երկրպագուների կարծիքով ՊՍԺ-ն ոչ թե անվերջ ֆիասկոների ենթարկվող նախագիծ է, այլ հարգանքի արժանի ակումբ, որն ունի հստակ խաղային ձեռագիր, գրագետ մենեջմենթ ու վախեցնող կազմ:

Փարիզցիների տրիումֆը Մյունխենում ոչ թե պարզապես ստացված մրցաշրջանի արդյունք էր, այլ ժամանակաշրջանի սկիզբ: ՊՍԺ-ն այնքան ուժեղ է, հասուն ու կայացած՝ որպես թիմ, որ ամառային տրանսֆերային պատուհանի ամենապասիվ ակումբներից էր: Փոխեց միայն դարպասապահին (ներքին կոնֆլիկտի պատճառով) ու համալրվեց կենտրոնական պաշտպանով՝ կազմին խորություն տալու համար: Քանի որ ՊՍԺ-ի կազմը նախագծված է առաջիկա 5-7 տարիների համար (բոլորը երիտասարդ են կամ իրենց կարիերայի գագաթնակետին), Էնրիկեն էլ մեխանիզմ է ստեղծել, որը մոտ ապագայում խափանվելու միտում չունի: 

PSG beat Inter Milan 5-0 with Doue double to win Champions League |  Football News | Al Jazeera

«Լիվերպուլ»

Տրանսֆերային պատուհանի ամենապասիվ ակումբից անցնենք ամենաակտիվին: «Լիվերպուլը» փշրեց շուկան՝ կատարելով ռեկորդային տրանսֆերներ՝ ուժեղացնելով առանց այն էլ շատ ուժեղ կազմը: 

Անգլիայի չեմպիոնի վարքագիծը և քաղաքականությունը նմանվում է «Ռեալի» քաղաքականությանը՝ կազմը փորձել դարձնել լավագույնն աշխարհում, գնել յուրաքանչյուր դիրքում գոնե 3 լավագույններից մեկին: Յուրգեն Կլոպի օրոք շեշտը դրված էր համակարգային ֆուտբոլի վրա, այժմ կարծես աստղային կազմը գերակայում է մաթեմատիկական հաշվարկներին ու տարատեսակ սխեմաներին: Առաջնությունում՝ երկար տարածության վրա, գուցե զգացվի խաղակցվածության խնդիր (միայն մեկնարկային կազմում 5 նորեկ կա), բայց եթե նայենք «Ռեալի» օրինակին, ապա կհասկանանք, որ գերաստղային, բայց բալանսավորված կազմերը, ինչպիսին այժմ «Լիվերպուլինն» է, հաջողում են ՉԼ-ում: Պարզապես պետք է մարզիչ, որը ճիշտ կղեկավարի խաղացողներին ու բարենպաստ մթնոլորտ կստեղծի հանդերձարանում: Իսկ նիդեռլանդցին ունի այդ որակները:

A Liverpool attack of Isak, Ekitike, Salah and Wirtz sounds amazing. But could it work?

«Բարսելոնա»

Աներկբա է, որ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանի լավագույն 3 թիմերից էր: Ու այդ ամենը ոչ միայն արտացոլվում է արդյունքներում, այլև խաղում: Եվ հենց դա է պատճառը, որ երկրպագուներն այդքան շատ էին ցանկանում տեսնել ՊՍԺ - «Բարսելոնա» եզրափակիչ՝ դիտելու լավագույն ֆուտբոլը ցույց տվող երկու թիմերի դիմակայությունը: 

Բայց ինչ-որ բան, ինչ-որ շատ կարևոր բան պակասեց «Բարսելոնային» Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Թիմի կազմը տաղանդավոր է, բայց ՉԼ-ում այդքան հեռու գնալու փորձ չուներ: Գուցե դա էր պատճառը, որ Յամալն «Ինտերի» հետ պատասխան խաղին ավելացված երկրորդ րոպեին՝ 3-2 հաշվի ժամանակ, գնդակ պահելու փոխարեն փորձեց գոլ խփել, ու եղավ այն, ինչ եղավ:

«Բարսայի» համար ՉԼ տիտղոսը հաղթելը երազանքի պես մի բան է դարձել: Վերջին անգամ այդ գավաթը Կատալոնիայում է հայտնվել 2015 թվականին: 2019թ. Մեսին խոստացավ այն նորից բերել «Կամպ Նոու», բայց չստացվեց, ինչին հետևեցին բարդ, անցումային տարիներ ակումբի համար: 6 տարիների ընթացքում «Բարսելոնան» 2 անգամ նույնիսկ խմբային փուլի արգելքը չհաղթահարեց, կրեց ցավալի պարտություններ, ու հիմա վերջապես թիմն ունի համապատասխան կազմ՝ ցանկացած մրցակցի հաղթելու համար, և ունի մարզիչ, որը գիտի՝ ինչ է նշանակում հաղթել Չեմպիոնների լիգան: 

Flick hits ground running as Barca rise to top with La Masia magic | Daily  Sabah

Հանսի Ֆլիկն ու թիմի առաջատարները չեն թաքցնում, որ ակումբի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է: Նախորդ մրցաշրջանի տպավորիչ խաղի և արդյունքների վրա պետք է դնել վերջին քարն ու բարձրանալ ֆուտբոլային Էվերեստ՝ գլխավերևում պահելով ՉԼ գավաթը:

«Բավարիա»

Քանի որ խոսեցինք Ֆլիկից, չենք կարող չհիշատակել «Բավարիային»: 

Մյունխենցիները լուռ հզորանում են, բայց դրա մասին այնքան էլ շատ չի խոսվում: Ֆուտբոլասերները Կոմպանիին շատ լուրջ չեն վերաբերվում, բայց բելգիացին վատ չի աշխատում. նախորդ մրցաշրջանում, երբ «Բայերը» դեռ քարուքանդ չէր եղել, նա օգնեց «Բավարիային» վերադարձնել ներքին գահը: Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ թիմի խաղակցվածությունն աճել է: «Լայպցիգի» հետ խաղի ընթացքում «Ռեկորդմեյստերի» ֆուտբոլիստներն ընդհանուր վազել էին 125 կմ, ինչը ռեկորդ է Բունդեսլիգայում և ցույց է տալիս, որ գերմանական կարգապահությունը ևս վերականգնվում է թիմի ներսում:

Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» կատարեց 3 թիրախային գործարք. Ջոնատան Տան թիմի պաշտպանությունը դարձնում է ավելի վստահելի, ավելի ճիշտ՝ վստահելի (եթե հիշենք Ուպամեկանոյի բերած «փորձանքները»): Լուիս Դիասը թիմի հարձակումը դարձնում է կայուն՝ ի տարբերություն Լերոյ Սանեի, որը լավ էր խաղում, երբ տրամադրությունը բարձր էր, իսկ Դիասը լավ է խաղում գրեթե միշտ: Նիկոլաս Ջեքսոնը Հարի Քեյնին կտա հանգստանալու և կարևորագույն խաղերին լիովին պատրաստ լինելու հնարավորություն: Անգլիացին, ի դեպ, արդեն հաղթահարել է տիտղոս նվաճելու պատնեշը, հաջորդ մարտահրավերը Չեմպիոնների լիգայի գավաթն է:

Former England international says everyone there laughs at Harry Kane |  Bavarian Football Works

«Ռեալ»

«Ռեալի» անունը նշվում է վերջում ու ոչ այնքան առանձնահատուկ, քանի որ մադրիդցիները միշտ և ամեն տարի էլ այս մրցաշարը հաղթելու ֆավորիտների թվում են:

Չաբի Ալոնսոյի գալուց հետո «Ռեալն» այլևս այնքան կախվածություն չունի թիմի կազմից ու անհատների խաղից, որքան Անչելոտիի ժամանակ: Հիմա «Ռեալը» կարող է ունենալ նաև տակտիկական հետաքրքիր լուծումներ: «Արքայական ակումբի» օգտին է խոսում նաև պաշտպանությունում ամրանալը (Տրենտ, Հաուսեն, Կառերաս), ինչպես նաև Մբապեի՝ այլևս հարմարվելու խնդիր չունենալու հանգամանքը: 

Մյուսների առավելությունը «Ռեալի» նկատմամբ այն է, որ Էնրիկեն, Սլոթը, Ֆլիկն ու Կոմպանին արդեն կառուցել են իրենց թիմը, իսկ Ալոնսոն նոր է հասկանում՝ ով ում բարեկամն է: 

Թաքնված ֆավորիտներ

«Արսենալ»

Շատ-շատերն «Արսենալին» համարում են Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտ: Նույնիսկ Պրեմիեր լիգայի հետ կապ չունեցող ֆուտբոլիստներ/մարզիչներ, նույնիսկ հիմա, երբ «Լիվերպուլը» հաղթել է «Արսենալին»: Բայց Չեմպիոնների լիգան հաղթելու ֆավորիտների թվում նման հանրային ընկալում չկա:

«Արսենալին» ՉԼ ֆավորիտ է համարում միայն Opta-ն:

La Premier barre a Madrid y Barça

Վենգերի օրոք «Արսենալը» «վարպետացել» էր մեծ ակումբների դեմ խաղերում պարտություններ կրելու հարցում և ունի Եվրոպայում կարգավիճակ փոխելու լուրջ խնդիր: Այդուհանդերձ, «Արսենալն» ունի անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մրցաշարի «մոխրագույն կարդինալ» համարվելու համար:

«Չելսի»

«Չելսին» շարունակում է իր դանդաղ, բայց կայուն զարգացման ընթացքը: Էնցո Մարեսկայի թիմում ամեն ինչ բնականոն հունով է ընթանում. ԱՊԼ քառյակ, Կոնֆերենցիաների լիգայի գավաթ, աշխարհի ակումբային գավաթ: Այս մրցաշրջանում սպասելիքներն ավելի մեծ են, իսկ ՉԼ-ն հնարավորությունների մրցաշար է:

«Մանչեսթեր Սիթի»

Այս ցանկում չի կարող չլինել «Մանչեսթեր Սիթին»: Պեպի թիմի համար անցումային շրջանը ոչ մի կերպ չի ավարտվում. նախորդ մրցաշրջանում խնդիրը մոտիվացիան էր՝ այդքան նվաճումներից հետո, իսկ այս մրցաշրջանում խոշոր սերնդափոխություն է տեղի ունեցել. գնացել են Էդերսոնը, Ուոքերը, Գրիլիշը, Գյունդողանը, եկել են նոր դեմքեր՝ Ռեյնդերսը, Շերկին Աիտ-Նուրին, ինչն էլ թույլ չի տալիս «Սիթիին» միանգամից ներառել գլխավոր ֆավորիտների շարքում, բայց այս թիմից ամեն ինչ կարելի է սպասել. ի վերջո սա Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» է:

Անակնկալ թիմ

«Նապոլի»

Մրցաշարի անակնկալ թիմը կարող է դառնալ «Նապոլին», որը ոչ հիմնական, ոչ էլ թաքնված ֆավորիտների շարքում չէ: Իտալական այն ակումբը, որն ամենաշատը ծախսողներից էր՝ կազմն ուժեղացնելու համար: Տարբեր դիրքերում ունեցած համալրումներից զատ, անհրաժեշտ է առանձնացնել Կևին Դե Բրույնեի համալրումը: Բելգիացին իսկական չեմպիոն է՝ բոլոր իմաստներով, և նրա ներկայությունը Նեապոլում ազդելու է թիմի ելույթների ու արդյունքների վրա:

Դե իսկ գլխավոր տրանսֆերն Անտոնիո Կոնտեի մնալն էր, ինչը կարելի է նույնիսկ սենսացիա համարել՝ հաշվի առնելով թե՛ Դե Լաուրենտիսի, թե՛ Կոնտեի կոնֆլիկտային բնավորությունը: 

Il patto di Ischia tra De Laurentiis e Conte: in arrivo altri tre rinforzi.  Sfuma Ndoye, c'è Garnacho - la Repubblica

Եվ այսպես՝ առջևում Չեմպիոնների լիգայի նոր, առանց ընդգծված ֆավորիտների մրցաշրջանն է: Այս կետից սկսվում է ճանապարհը դեպի Բուդապեշտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ