Միջազգային հերթական դադարից հետո կրկին վերսկսվում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 14-րդ տուրում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:
«ՍԵՎԱՆ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»
17 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
1 խաղ, որում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-0
1-ին շրջան. 23.08.2021 «Ալաշկերտ» 0-0 «Սևան»
«Սևան»՝ 4-րդ տեղ (20 միավոր), «Ալաշկերտ»՝ 7-րդ տեղ (13 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
- «Սևանը» Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ անցկացրած առաջնության 11 հանդիպումներում 2-րդ պարտությունը կրեց՝ նախորդ տուրում 1-3 հաշվով զիջելով «Արարատին»: Կիպրոսցի մարզչի օրոք անցկացված առաջնության հանդիպումներում «Սևանն» առաջին անգամ 3 գոլ բաց թողեց: Մինչ այդ միայն «Նոային» էր հաջողվել առավելության հասնել Պամբոս Քրիստոդուլուի սաների նկատմամբ՝ հաղթելով 2-1 հաշվով:
- Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Ալաշկերտը» որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը՝ վաստակելով 7 միավոր: Վերջին երկու խաղերում ՀՀ չեմպիոնը հաղթանակներ տոնեց «Վանի» (4-0) և «Ուրարտուի» (2-1) նկատմամբ:
- Առաջնության 11 հանդիպումներում խփած 12 գոլերից ուղիղ կեսն ալաշկերտցիների օգտին գրանցվել է վերջին երկու խաղերում: Այդ հանդիպումներում առավել արդյունավետ է գործել Մարկո Միլինկովիչը՝ խփելով 2 գոլ: Նա այդ ցուցանիշով Ժոզե Էմբալոյի և Դավիթ Խուրցիձեի հետ «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուն է:
- «Սևանի» կազմում ամենաարդյունավետը 6 գոլի հեղինակ դարձած Անդրե Մենսալաոն է: Նա այդ գոլերը խփել է առաջնության մեկնարկային 6 հանդիպումներում, իսկ ահա վերջին 7 խաղերում բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողանում գտնել մրցակիցների դարպասի բանալին:
- «Սևանի» 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն առաջնության 11 հանդիպումներից 9-ում դարպասն անառիկ է պահել: Բացի այդ, նրան հաջողվել է 569 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ պահել: Երկու ցուցանիշներով էլ Ֆիգերեդոն լավագույնն է առաջնության մասնակից դարպասապահների մեջ:
Հանդիպմանը չի մասնակցի 2 խաղով որակազրկված «Սևանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը: Խաղը բաց կթողնի նաև 5-րդ զգուշացումը ստացած Ֆիլիպ Դուրանսկին: