Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ու թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը նախախաղային ասուլիսում խոսել են բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մասին։
«Իհարկե, մենք ուսումնասիրել և դեռ ուսումնասիրում ենք մրցակիցին։ Ժամանակը քիչ է, մենք հստակ պատկերացնում ենք մրցակցի ուժը, լավ հասկանում ենք, թե ինչ իրավիճակներ կարող են լինել վաղվա խաղում և այդ ամենին պատրաստվում ենք մարզումային գործընթացում։ Հակսանում ենք, որ վաղը մեզ կարող է անհրաժեշտ լինել ցածր բլոկը պաշտպանությունում՝ իմանալով մրցակցի ուժն ու ուժեղ որակները։ Մեր նպատակն է ցուցադրել մեր ուժն ու բացառել մրցակցի ուժեղ կողմերը դրսևորելու հնարավորությունները։
Այս տրասֆերային պատուհանի կարճ ժամանակահատվածում մեր կազմն ուժեղացրել ենք մի քանի տրանսֆերներով։ Բացի այդ, վնասվածքից ապաքինվել է ու շատ լավ մարզավիճակում է Յայա Սանոգոն, ինչը ևս, կարծում եմ, տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերում է մեզ համար»,- նշել է ռուս մասնագետը։
«Նախապատրաստական փուլը շատ լավ է անցել, թե՛ մարզիչները, թե՛ մենք գոհ ենք։ Ճիշտ է, մեկ խաղ ենք այստեղ հաղթել, բայց կարծում եմ՝ օգտակար հանդիպումներ էին։ Պետք է հաղթենք, այլ սպասելիքներ չկան։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։
Գիտենք, որ առաջիկա մրցակիցը շատ ուժեղ թիմ է, լավ է գրոհում և ունի լավ հարձակվողներ։ Ուսումնասիրել ենք մրցակցին և գիտենք ուժեղ և թույլ կողմերը։ Ամեն բան անելու ենք մարզիչի հրահանգներով, որպեսզի կարողանանք օգտագործել մրցակցի թույլ կողմերը և հաղթել»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը։

Հիշեցնենք, որ «Ուրարտու» - «Զրինսկի» դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 11-ին երևանյան ակումբի տնային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում։
Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայությունը

