Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հետխաղյա ասուլիսում ամփոփել է ռումինական «Ֆարուլի» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը:
«Բարդ հանդիպում էր: Առաջին խաղակեսում լավ գործեցինք, բայց երկրորդ կեսում մրցակիցն ավելի բարձր տեմպ հաղորդեց խաղին, նրանց օգնեցին նաև երկրպագուները: Դիմակայությունում շանսերը մնում են հավասար»,- նշել է ռուս մասնագետը:
«Ուրարտուն» արտագնա խաղում պարտվել էր 2-3 հաշվով: Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Երևանի «Ուրարտու» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
«Ֆարուլի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):


