Ավստրալիայում առաջացած խնդիրներով պայմանավորված՝ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի ազատազրկվի այդ երկրում մինչև Ներգաղթի ծառայությունում բացատրություններ տալն ու դատական հայցերի նախաձեռնումը՝ տեղեկացրել է The Age պարբերականի թղթակիցը՝ նշելով, որ Ջոկովիչը պետք է Ավստրալիայի ներգաղթի ծառայություն ներկայանա հունվարի 15-ին։
Այսօր երկրի Ներգաղթի նախարար Ալեքս Հոուկը երկրորդ անգամ է չեղարկել սերբ մարզիկի մուտքի վիզան՝ իր որոշումը հիմնավորելով հասարակության շահերի պաշտպանությամբ և քաղաքացիների առողջության մասին մտահոգությամբ։ Նման հիմնավորմամբ վիզայի չեղարկումը ենթադրում է Ավստրալիա այցելելու եռամյա արգելք։
Դա նշանակում է, որ, եթե Ջոկովիչը չկարողանա հասնել որոշման վերանայմանը, ապա հաջորդ տարիներին ևս հնարավորություն չի ունենա մասնակցելու Ավստրալիայում անցկացվելիք թենիսի մրցաշարերին։
«Մեծ սաղավարտի» շարքի տարվա առաջին մրցաշարին մասնակցելու նպատակով Ջոկովիչը Մելբուրն է ժամանել հունվարի 6-ին։ Նա այդ մրցման 9-ակի հաղթող է։ Օդանավակայանում նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր՝ որոշումը հիմնավորելով հակակովիդային պահանջների խախտմամբ։ Սերբ թենիսիստը չէր կարողացել պատվաստման չենթարկվելու բժշկական բավարար հիմքեր ներկայացնել։ Նրան պատրաստվում էին արտաքսել երկրից, սակայն մարզիկի փաստաբանները, դիմելով դաշնային դատարան, չեղարկեցին Ներգաղթի ծառայության որոշումը։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ սահմանը հատելիս կանխամտածված կեղծ տեղեկություններ հաղորդելու համար Ջոկովիչին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում։
Հունվարի 12-ին թենիսիստն Instagram-ում խոստովանել էր, որ դեկտեմբերի 16-ին կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ստանալուց հետո խախտել է կարանտինի պահանջները՝ այցելելով Բելգրադում կայացած բասկետբոլի հանդիպման և հարցազրույց տալով L’Equipe-ին։
Նա նշել է նաև, որ Ավստրալիա այցելելու համար զբոսաշրջային դեկլարացիայում նշած կեղծ տեղեկատվությունը ոչ թե միտումնավոր բնույթ է կրել, այլ տեղի է ունեցել գործակալի սխալի պատճառով։ Փաստաթղթում նշված է, որ մինչև Ավստրալիա ժամանելը նա 14 օր չի ճամփորդել, բայց ավելի ուշ պարզվել է, որ այդ շրջանում այցելել է Իսպանիա։