«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է՝ ինչպես է ձևավորվել իր կամքի ուժը:
«Կամքի ուժիս ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել այն միջավայրը, որտեղ մեծացել եմ: Մանկությունս անցել է 90-ականներին Սերբիայում՝ պատերազմի, պատժամիջոցների ու բարեկեցիկ կյանքի բացակայության պայմաններում:
Ծնողներս մեծ զրկանքներ են կրել, որպեսզի կարողանան պարզապես կերակրել մեզ:
Երջանիկ եմ, որ բախտ ունեցա զբաղվել թենիսով, որը մեծ ծախսեր պահանջող մարզաձև է: Սիրահարվեցի թենիսին, իսկ ծնողներս ամեն ինչ արեցին ինձ համար, թեպետ կային բազմաթիվ դժվարություններ:
Այս ամենը մոտիվացնում է մարզիկին ու ստիպում գնահատել յուրաքանչյուր մանրուք, պայքարել մինչև վերջ, միշտ լինել լավատես ու դրական՝ մարդկային փոխհարաբերություններում»,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է Punto de Break-ը:
Հիշեցնենք, որ Թել Ավիվում (Իսրայել) ավարտին մոտեցող ATP-250 շարքի մրցաշարում աշխարհի 7-րդ ռակետը հասել է եզրափակիչ, որտեղ մրցելու է խորվաթ Մարին Չիլիչի հետ (16):
Ջոկովիչ - Չիլիչ եզրափակիչը կայանալու է հոկտեմբերի 2-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:30-ին: