Logo

DJ Serjo-ն, DJ Max-ը և DJ RIJJ-ն իրենց երաժշտության, ֆեստիվալների ու ավելիի մասին

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 30.09.2017Հարցազրույցներ
20170801190549 andmore - DJ Serjo-ն, DJ Max-ը և DJ RIJJ-ն իրենց երաժշտության, ֆեստիվալների ու ավելիի մասին

«Էս փառատոնի կարիքն իսկապես կար Հայաստանում, ու կարելի է ասել, որ այն անհրաժեշտ էր: Էս ամենը ժողովրդին համախմբելու, երիտասարդության համար է: Սա նաև այն մարդկանց համար է, որոնք հնարավորություն չունեն այլ վայրերում տեղի ունեցող ֆեստիվալներին մասնակցել: Մարդիկ կլսեն նոր երաժշտություն, կանեն երաժշտական նոր բացահայտումներ իրենց համար ու այն մարդիկ էլ որոնք չեն սիրում այս երաժշտությունը գուցե կսկսեն հետաքրքրվել»,- ասաց DJ Serjo-ն “FastCredit Electronic MusicFest”-ի (էլեկտրոնային երաժշտության փառատոնի) մասին:

Հոկտեմբերի 6-ին 17:00-ից Ազատության հրապարակում տեղի կունենա “FastCredit” էլեկտրոնային երաժշտության փառատոնը, որի ընթացքում երիտասարդներին ու այս ոճի երաժշտության բոլոր սիրահարներին յուրահատուկ թրեքերով կապահովեն DJ Serjo-ն, DJ Max-ը, DJ RIJJ-ը, Karo Pillz-ը,  Supacooks-ը, Lasha Craft aka Mzhavia-ն ևVako T-ն: 

Շատ դեպքերում DJ-ներին ընկալում են որպես մարդիկ, որոնք ուղղակի երաժշտություն են փոխում, բայց իրականում նրանց մի մասը էլեկտրոնային երաժշտություն ստեղծողներ, որոշ դեպքերում էլ հանճարներ են, որոնք անցել են երկար ճանապարհ, կոփվել են, գտել են իրենց ձեռագիրն ու իրենց գործերը ներկայացնելով հանրությանը՝ ընդունվել են ու սիրվել: Ավելին իմանալու համար ՎիվառոՆյուզը “Fiction” ակումբում հանդիպեց DJ Serjo-ի, DJ Max-ի և DJ RIJJ-ի հետ և մտերմիկ զրույց ունեցավ իրենց էլեկտրոնային երաժշտության, “FastCredit” փառատոնի ու այլ թեմաների շուրջ:

Իր առաջին երաժշտական քայլերի մասին ՎիվառոՆյուզին պատմեց  DJ Max-ը, որը դիջեյությամբ է զբաղվում արդեն 13 տարուց ավելի:

-Որպես դիջեյ սկսել եմ ինքս ինձ վրա աշխատել 20 տարեկանից: Բայց արդեն 13-14 տարեկանից հետաքրքրվում էի այնպիսի երաժշտությամբ, որ շատ քչերն էին լսում: Փորձում էի ինչ-որ բաներ փոփոխել ու ստեծել, բայց հիմնվել ոչ միայն ռիթմի վրա, այլ նաև այն ասելիքի, որն ուզում էի փոխանցել իմ երաժշտությունը լսողներին: 

-Դու երեխաներ ունես այսօր, ու մեզ հետաքրքիր է՝ ինչքանո՞վ են երեխաներդ հետաքրքրված քո մասնագիտությամբ և ինչքանո՞վ է մասնագիտությունդ արտացոլվում նրանց վրա:

– Երեխաներիցս յուրաքանչյուրն իր երաժշտական ճաշակն ունի, ես պարզապես փորձում եմ օգնել նրանց կողմնորոշվել և աջակցել, որպեսզի զբաղվեն երաժշտությամբ ու շարժվեն ռիթմով: Օրինակ տղաս հաճախում է կիթառի դասընթացների, նա մեկ շնչով կարող է պատմել 2PAC-ի ողջ ստեղծագործական կյանքը: Աղջիկս էլ հաճախում է պարի: Այսինքն ընտանիքիս բոլոր անդամների կյանքում երաժշտությունն անպակաս է:

Հաջորդ դիջեյը, որ անկեղծացավ ՎիվառոՆյուզի հետ DJ RIJJ-ն էր:

-Ես երկու տարի է, ինչ զբաղվում եմ դիջեյությամբ ու խոստովանում եմ, որ առաջին քայլերս լավ չեն եղել: Բայց հետո այն դիջեյ ընկերները, որոնց հանդիպեցի, օգնեցին գտնել, թե ինչ երաժշտություն եմ ուզում նվագել ու ինչպես: Երաժշտությունս շատ ոճային փոփոխություններ է ունեցել այս երկու տարիների ընթացքում, բայց հիմա հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում ստեղծել և ինչ ուղղությամբ եմ ուզում տանել իմ երաժշտությունը: 

Այնուհետև նախքան հայաստանյան փառատոնի մասին խոսելը, հարցրինք DJ Serjo-ին, թե նախկինում իր ունեցած ամենամեծ ու ակտիվ հանդիսատեսը ո՞ր երկրում է եղել:

– Հալեպում տարիներ առաջ մասնակցել եմ շատ մեծ փառատոնի, որտեղ 2000-ից ավելի հանդիսատես ունեինք: Վերջերս էլ Բելգիայում ունեցանք 1200-ից ավելի հանդիսատես ու շատ լավ ժամանակ անցկացրինք: 

melz - DJ Serjo-ն, DJ Max-ը և DJ RIJJ-ն իրենց երաժշտության, ֆեստիվալների ու ավելիի մասին

– Շատ լավ, հիմա անցում կատարենք մեր հայաստանյան ՝ “FastCredit Electronic MusicFest”-ին: Փառատոնը լինելու է “b2b” ֆորմատով, սակայն շատերը չգիտեն, թե դա ինչ է: Մեր ընթերցողների համար կպարզաբանե՞ք դրա բնույթը:

– Այս ֆորմատը կարծես «դուետ» լինի: Այսինքն երկու տարբեր արտիստներ՝ DJ-ներ, մեկը մյուսին լրացնելով սկսում են զուգահեռ երաժշտություն նվագել,- ասաց DJ Max-ը:

-Այսինքն` ստացվում է, որ միաժամանակ երկու տարբեր գույներ, երկու տարբեր ճաշակներ ենք լսում: Դա իմպրովիզ է ու նաև համապատասխանեցում, որպեսզի արդյունքում լավ երաժշտություն ստացվի,- հավելեց DJ Serjo-ն:

Վերջում DJ Serjo-ին հարցրինք, թե “FastCredit Electronic MusicFest”-ի ժամանակ հանդիսատեսն ի՞նչ կարող է ակնկալել իրենցից:

– Երաժշտական տոն, քանի որ այն, ինչ կլսեն այդ օրը, ցանկացած վայրում ու ցանկացած միջոցառման լսել չեն կարողանա: Հայաստանյան ու վրաստանյան դիջեյներով փորձելու ենք բարձրակարգ ու ճաշակով թրեքեր ներկայացնել: Մարդիկ կծանոթանան իրական էլեկտրոնային երաժշտությանն ու կդառնան այս հիանալի տոնի մի մասը: 

ՎիվառոՆյուզը նաև մի քանի բլից հարցերի պատասխաններ կարողացավ ստանալ այս դիջեյներից: Դրանցով կկիսվենք շատ շուտով:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ