Logo

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ձևաչափը կփոխվի

10:42 / 08.02.2024Այլ մարզաձևեր
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական լրագրողների հետ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա են եղել հայկական սպորտը լուսաբանող փորձառու լրագրողներ, որոնք ամեն տարի նաև մասնակցում էին լավագույնների քվեարկությանը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է՝ դիտարկվում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ձևաչափերի փոփոխության, այդ թվում՝ մրցույթի անվանափոխության, անվանակարգերի սահմանման հարցերը:

«Նախնական քննարկումների արդյունքում դիտարկում ենք մի իրավիճակ, ըստ որի կունենանք լավագույն եռյակ, ու մի քանի անվանակարգեր՝ լավագույն մարզուհի, լավագույն երիտասարդ մարզիկ, լավագույն մարզիչ, լավագույն թիմ, հանդիսատեսի համակրանք: Սա չի ենթադրում ոչ պաշտոնական թիմային հաշվարկ: Նախատեսում ենք ունենալ նաև առանձին անվանակարգ՝ արտասահմանում հանդես եկող և Հայաստանը հանրահռչակող լավագույն մարզիկ, ինչպիսին են օրինակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը և այլք»,- ասել է Կարեն Գիլոյանն ու կարևորել մարզական լրագրողների դիտարկումները՝ մրցույթի անցկացման ձևաչափի լավարկման հարցում:

Ծավալված քննարկումների արդյունքում մարզական լրագրողներն առաջարկել են սահմանել նաև կանանց լավագույն եռյակ, ինչպես նաև հաշմանդամային սպորտով զբաղվող լավագույն մարզիկ անվանակարգը, որը, Կարեն Գիլոյանի փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարության կողմից ևս դիտարկվում է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը մարզական լրագրողներին խնդրել է ամփոփ առաջարկներն ու դիտարկումները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:

ԶԼՄ այն ներկայացուցիչները, որոնք լավագույնների մրցույթի անցկացման ձևաչափի, մրցութային անվանակարգերի վերաբերյալ ունեն որոշակի առաջարկություններ և դիտարկումներ, մինչև փետրվարի 15-ը կարող են դրանք ուղարկել info @escs.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով լրատվամիջոցը, լրագրողի անուն-ազգանունը և հեռախոսահամարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ