Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մնացել են չորս ուժեղագույն հավաքականները՝ Իսպանիան, Ֆրանսիան, Նիդերլանդներն ու Անգլիան: Այս երկրներից միայն Անգլիային երբեք չի հաջողվել հաղթել հին աշխարհամասի ֆուտբոլային գլխավոր ավարը:
Դիդիե Դեշամը նպատակ ունի վերջնականապես լրացնելու իր ֆուտբոլային մարզչական թանգարանը՝ հաղթելով նաև Եվրոպայի առաջնությունում: Իսպանիան Լուիս դե լա Ֆուենտեի հետ Գերմանիային պայքարից դուրս թողնելուց հետո կփորձի «Մանշաֆթին» թողնել թիկունքում նաև Եվրոպայի առաջնություններում տիտղոսների քանակով: Գարեթ Սաութգեյթը փափագում է «ֆուտբոլը տուն բերել», իսկ Ռոնալդ Կումանը ուզում է զգալ Եվրոպայի չեմպիոն լինելու համն ու հոտն արդեն որպես մարզիչ:
FastNews-ն անդրադառնում է կիսաեզրափակիչ առճակատումներին՝ սկսելով Իսպանիա - Ֆրանսիա խաղից:
Պատմություն, որ տանում է չեմպիոնության
Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները խոշոր մրցաշարերում այս դարում կհանդիպեն 4-րդ անգամ: Նախորդ երեք դեպքերում հաղթող երկրի հավաքականը նվազագույնը հասել է եզրափակիչ, երկու դեպքերում դարձել այդ մրցաշարի հաղթող:
2000 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը պայքարից դուրս թողեց Խոսե Անտոնիո Կամաչոյի գլխավորած Իսպանիային: Ֆրանսիայից այդ օրն աչքի ընկան Զինեդին Զիդանն ու Յուրի Ջորկաեֆը: Օրեր անց «Կապույտներն» իրենց պատմության մեջ երկրորդ անգամ բարձրացրին Եվրոպայի առաջնության գավաթը: Թիմի ավագը ներկայիս գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն էր: Ի դեպ, Ֆրանսիայի հավաքականը 1986-ի եզրափակիչում հաղթել է հենց Իսպանիային՝ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:
2006 թվականի Մունդիալի 1/8 եզրափակիչում Ֆրանսիան կամային հաղթանակի հասավ «Ֆուրիա ռոխայի» նկատմամբ: Իսպանացիներին նորից ցավեցրեց Զինեդին Զիդանը՝ խփելով կարիերայի ամենահանրահայտ գոլերից մեկը: Զիզուից առաջ աչքի էին ընկել նաև Պատրիկ Վիեյրան ու Ֆրանկ Ռիբերին: Ֆրանսիան հետո եզրափակիչում պարտվեց Իտալիային: Ի դեպ, վճռորոշ խաղը կայացավ այս Եվրոյի եզրափակիչի մրցավայրում՝ Բեռլինի Օլիմպիական ստադիոնում:
Եվրո-2012-ում թիմերի հանդիպման տեղը նորից քառորդ եզրափակիչն էր: Այս անգամ հաջողությունն ուղեկցեց Վիսենտե դել Բոսկեի անկասելի Իսպանիային: Օրվա հերոսը Խաբի Ալոնսոն էր, որն այդ օրն իր փառահեղ կարիերայի միակ դուբլը ձևակերպեց՝ օգնելով իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ: Հետագայում Իսպանիան եզրափակիչում ջախջախեց Իտալիային ու պատմության մեջ երրորդ անգամ հաղթեց Եվրոն:
Տիտղոսի համար կամ դրա ճանապարհին թիմերի վերջին խաղը եղել է 2021-ի Ազգերի լիգայի եզրափակիչում: Ֆրանսիան նորից կամային հաղթանակի հասավ՝ այս անգամ Կարիմ Բենզեմայի ու Կիլիան Մբապեի գոլերի օգնությամբ ու Դիդիե Դեշամի հետ նվաճեց երկրորդ տիտղոսը:
Վստահ կարելի է ասել, որ այս թիմերի միջև հանդիպումները խոշոր մրցաշարերում իսկական նվեր են երկրպագուներին ու ճանապարհ են հարթում կա՛մ դեպի չեմպիոնություն, կա՛մ դեպի եզրափակիչ: Այս անգամ ևս այդպես է լինելու:
Ակնահաճո Իսպանիան ու «չժամանող Ֆրանսիան»
Մինչև փլեյ-օֆֆ փուլի մեկնարկը Ֆրանսիայի հավաքականի դժգույն խաղի մասին մենք խոսել ենք: 1/8 և քառորդ եզրափակիչ փուլերում շատ բան չփոխվեց, բայց «Կապույտները» կիսաեզրափակիչ են հասել: Խաղից նրանք առայժմ գոլ չեն խփել՝ երկու ինքնագոլ ու 1 դիպուկ հարված 11-մետրանոց նշակետից. ահա և մրցաշարի գլխավոր ֆավորիտի գոլային «հրավառության» առկայծումներն այս մրցաշարում:
Սակայն ֆրանսիացիներին սա, երևի թե, քիչ է հետաքրքրում: Նրանք կիսաեզրափակիչում են, ու դա ամենակարևորն է: Հարցերի հարցը հիմա հետևյալն է. այսպիսի խաղով հնարավո՞ր է անցնել մրցաշարի ամենահաճելի ֆուտբոլ ցուցադրող Իսպանիային: Տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում դա անելն իսկապես բարդ է լինելու:
Ֆրանսիան պետք է ի վերջո արթնանա, ի վերջո «ժամանի» մրցաշարին ու ցույց տա իր ներուժն ու ապացուցի երկրպագուներին, որ ֆուտբոլ խաղում են նաև նրանց համար, այլ ոչ թե միայն արդյունքի:
Իսկ Իսպանիան իր տպավորիչ խաղով արդեն հասցրել է գերել երկրպագուներին: Լուիս դե լա Ֆուենտեի թիմը մեծ ջանքեր գործադրեց մրցաշարի հյուրընկալող երկրին՝ Գերմանիային պայքարից դուրս թողնելու համար: Չնայած կադրային խնդիրներին «Ֆուրիա ռոխան» չի շեղվելու իր ուղուց: Փորձելու է գնդակ պահել, ապավինել եզրային արագ խաղացողներին (Նիկո և Յամալ), որոնք մրցաշարի իսկական հայտնությունն են դարձել:
Խանգարող դիմակն ու գլխավոր մենամարտերը
Ֆրանսիայի հավաքականի խաղն էապես կախված է Կիլիան Մբապեից: Երկրպագուները կատակում էին, որ մրցաշարի ընթացքում ստացած վնասվածքից հետո նրա դեմքին հայտնված դիմակն է պատճառը, որ «Աքաղաղների» ավագը կորցրել է իր սրությունն ու դիպուկությունն այս մրցաշարի ընթացքում: Բայց արի ու տես, դա իսկապես այդպես է:
Ֆրանսիացիների հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին օրերս բացեց փակագծերը: Նա վստահեցրեց՝ դիմակով խաղալը գրեթե անհնար է Մբապեի համար.
«Ես փորձել եմ այդ դիմակը: Դու իսկապես ոչինչ չես տեսնում, ոչինչ»,- ասաց Կոլո Մուանին:
Նույնիսկ «ոչինչ չտեսնող» Մբապեն լուրջ սպառնալիք է իսպանացիների համար: Այդ եզրում «Կարմիրները» կադրային խնդիր ունի: Որակազրկված է Դանի Կարվախալը: Նրա փոխարեն Դե լա Ֆուենտեն կարող է օգտագործել 38-ամյա Խեսուս Նավասին: Սա, իհարկե, ռիսկային է: Նաչոյին աջ եզր բերելու տարբերակը ևս բացառված չէ, սակայն Իսպանիան կադրային խնդիր ունի նաև պաշտպանության կենտրոնում: Որակազրկված է ֆրանսիական արմատներ ունեցող Ռոբին լե Նորմանը: Իսպանացիների մարզիչը կարող է պաշտպանության կենտրոնում օգտագործել Լապորտ-Վիվիան զույգը, իսկ աջ եզր բերել Նաչոյին: Ի դեպ, Լապորտը ևս ֆրանսիական արմատներ ունի:
Հեշտ չի լինելու նաև Ֆրանսիայի եզրային պաշտպանների՝ Տեո Էրնանդեսի և Ժյուլ Կունդեի համար: Նրանք ունեն առաքելություն պահելու Նիկո Ուիլյամսին ու Լամին Յամալին: Ֆրանսիայի եզրային պաշտպաններն այս մրցաշարում հրաշալի ֆուտբոլ են ցուցադրում: Ժամանակն է դա անելու մրցաշարի ամենաուժեղ եզրային հարձակվողների դեմ պայքարում:
Կարևորագույն մենամարտ է լինելու նաև դաշտի միջին գծում: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին իր փայլուն խաղը ակումբային մակարդակից բերեց ազգային հավաքական ու գերիշխում է դաշտի կենտրոնում: Նրան հավանաբար կհսկի Ն’գոլո Կանտեն, որի հետ Ֆրանսիան խոշոր մրցաշարերում երբեք չի պարտվել:
Այսպիսի մրցաշարերում ու այսպիսի խաղերում գրեթե միշտ առաջին պլան են գալիս դարպասապահները: Ունենք փայլուն մարզավիճակում գտնվող Մայք Մենյան և ոչ պակաս լավ խաղ ցուցադրող Ունայ Սիմոն: Թեպետ Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի դարպասապահը երբեմն սխալվում է իր թիմի գրոհները սկսելիս, ֆրանսիացիները պետք է ուշադիր լինեն:
Միայն թե Վինչիչը նորից աննկատ լինի
Ցավոք, Եվրոն առանց մրցավարական սկանդալների անցկացնել չի հաջողվում: Ու հենց Իսպանիայի հավաքականի մասնակցությամբ նախորդ խաղում եղավ մրցաշարի ամենավիճելի դրվագը: Մարկ Կուկուրելյան ձեռքով խաղա՞ց, թե՞ ոչ. Էնթոնի Թեյլորն այս հարցի պատասխանն ունի, որն արտահայտեց իր կայացրած որոշումով:
Իհարկե, հաճելի չէ, երբ այսպիսի մրցաշարերի ինչ-որ խաղում մարդիկ ֆուտբոլիստներին ու մարզիչներին թողած սկսում են քննարկել ու քննադատել մրցավարներին: Հույս ունենք՝ այս խաղում այդպես չի լինի:
Խաղի մրցավար է նշանակվել սլովենացի Սլավկո Վինչիչը: 44-ամյա մրցավարը կարիերայում առաջին անգամ է Եվրոյի կիսաեզրափակիչի խաղ սպասարկելու: Վինչիչն այս մրցաշրջանում աշխատել է ակումբային ֆուտբոլի գլխավոր խաղում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Ուեմբլիում» նա ամենաաննկատ կերպարներից էր, ինչն ուրախալի փաստ է ու նշանակում է, որ նա իր գործն արել է հավուր պատշաճի:
Ո՞վ է լինելու եզրափակիչում
Ամբողջ մրցաշարի ընթացքում ցուցադրած ֆուտբոլով Իսպանիան գուցե ավելի արժանի է Բեռլին հասնելուն: Բայց Ֆրանսիան մնում է Ֆրանսիա՝ իր ուժեղ կազմով, բազմափորձ մարզչով ու «դիմակավորված» առաջատարով: Գեղեցիկ ու գրավիչ ֆուտբոլի կողմնակիցները տենչում են Իսպանիայի հաղթանակը, պրագմատիկ ու արդյունքի ձգտող ֆուտբոլային հասարակությունը՝ Ֆրանսիայի: Իտալիայի հետ Բեռլինում կայացած հանրահայտ եզրափակիչից ուղիղ 18 տարի անց Ֆրանսիան կիմանա գլխավոր հարցի պատասխանը. նրանք Գերմանիայի մայրաքաղաքում նորից կխաղա՞ն խոշոր մրցաշարի եզրափակիչում, թե՝ ոչ: