Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից դուրս մնալը:
«Ես չեմ խոսի բախտի գործոնի մասին, ես միայն կասեմ, որ հպարտանում եմ մեր թիմով: Իմ տղաները միշտ կռվում են: Այն, ինչ անում է մեր թիմը, կմնա պատմության մեջ: Մենք շատ լավ էինք վերահսկում խաղը: Հնարավորություններ ունեինք ավելացնելու առավելությունը, բայց կոմբինացիաների վերջում չէր հերիքում դիպուկությունը:
Մարզումների ժամանակ 11-մետրանոցներ իրացնելն այլ բան է, իսկ հետխաղյա 11-մետրանոցները՝ բոլորովին այլ բան:
Կարծես թե Ալվարեսը 2 անգամ հպվեց գնդակին: Եթե մրցավարն այդպես է կարծում, ապա թող այդպես լինի:
Կարծում եմ՝ մեր երկրպագուները մեծ բավականություն ստացան»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» պատասխան մրցավեճում նվազագույն հաշվով հաղթել էր «Ռեալին», սակայն պարտվել էր հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
Կառլո Անչելոտիի թիմը քառորդ եզրափակիչում կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ:


