Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։
Դիմակայության առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 (16-14) հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևեց 2 ժամ 19 րոպե։
Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։
Վճռորոշ դարձավ զուգախաղի մրցավեճը, որտեղ օլիմպիական չեմպիոն Մեթյու Էբդենը և նրա խաղընկեր Ջորդան Թոմսոնը 6-4, 6-4 հաշվով առավելության հասան Թոմի Փոլ - Բեն Շելթոն զույգի նկատմամբ։
Ավստրալիան դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ և կմրցի Իտալիա - Արգենտինա դիմակայության հաղթողի դեմ։