Logo

Դևիդ Կուտը ներողություն է խնդրել Կլոպից բացահայտումներով լի հարցազրույցի ժամանակ

03:45 / 28.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախկին մրցավար Դևիդ Կուտը, որը մի շարք սկանդալների պատճառով PGMOL-ի կողմից հեռացվել էր մրցավարական գործունեությունից, հեռացումից հետո առաջին հարցազրույցն է տվել՝ The Sun-ին խոստովանելով, որ գեյ է: Կուտը պատմել է, որ վախեցել է որպես Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցավար իր սեռական կողմնորոշումը հանրայնացնելուց, ինչի պատճառով օգտագործել է թմրանյութեր:

«Մեծ դժվարություններ եմ ունեցել: Որպես երիտասարդ մրցավար՝ թաքցնում էի զգացմունքներս, իսկ լավ մրցավարի տպավորություն թողնելու համար՝ սեռական կողմնորոշումս, և դա սարսափելի մարդու որակ է: Այդ ամենն է հանգեցրել նրան, ինչ արել եմ: Ես ինքնագնահատականի խնդիրներ եմ ունեցել: Խորապես տհաճ բռնությունների եմ ենթարկվել մրցավարի կարիերայի ընթացքում, և իսկապես դժվար կլիներ, եթե դրան ավելանար նաև սեռական կողմնորոշմանս թեման:

Սա եղել է իմ կյանքի ամենադժվար ժամանակահատվածներից մեկը: Լիովին պատասխանատվություն եմ կրում իմ արարքների համար, որոնք շատ ցածրակարգ էին, շատ ավելի ցածր, քան ինձնից ակնկալվում էր:

Իսկապես ցավում եմ իմ գործողությունների հետևանքով առաջացած ցանկացած վիրավորանքի համար, այն բացասական լույսի, որն իմ քայլերի պատճառով ընկել է իմ սիրելի խաղի վրա: Հուսով եմ՝ մարդիկ ինձ կհասկանան. դրանք եղել են քայլեր, որոնք ես արել եմ կյանքիս բարդ ժամանակահատվածում: Դրանք չեն արտացոլում այն, թե ով եմ ես այսօր և ինչ եմ մտածում:

Հիմա իմ ուշադրությունը կենտրոնացած է հոգեկան առողջության և բարեկեցության առաջնահերթության վրա: Հուսով եմ, որ իմ փորձը, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս, ապագայում ինչ-որ պահ կարող է օգտագործվել ֆուտբոլում:

Վերջապես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր վերջին շրջանում աջակցել են ինձ: Մասնավորապես՝ իմ ընտանիքին, ընկերներին, նախկին գործընկերներին, PGMOL-ին, Հովարդ Ուեբին և ֆուտբոլի անթիվ մարդկանց»,- ասել է 42-ամյա Դևիդ Կուտը:

ՅՈՒՐԳԵՆ ԿԼՈՊԻ ՀԱՍՑԵԻՆ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐՆ ԱՐՎԵԼ ԵՆ «ԱՆՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ»

«Առաջին բանը, որ ցանկանում եմ ասել, ներողություն խնդրելն է բոլոր նրանցից, որոնց վիրավորել եմ... Ես խորապես զղջում եմ իմ արարքների համար:

Տևական ժամանակ եղել է, որ թմրանյութեր չեմ օգտագործել, բայց դա ինձ համար փախուստի ուղիներից մեկն էր: Պարզապես հեռանալ սթրեսներից, աշխատանքի անողոքությունից: Ամոթի մեծ զգացողություն է առաջացնում ասելը, որ ես ընտրեցի այդ ճանապարհը:

2023 թվականին շատ հանկարծակի կորցրի մորս: Կորոնավիրուսից և VAR-ի ներդրումից հետո ամեն խաղում պահանջվում էր 6 պաշտոնյա: ՖԻՖԱ-ի կողմից ընտրվեցի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության, ինչպես նաև նախորդ տարվա Եվրոյի ու Օլիմպիական խաղերի մրցավար: Դա նշանակում էր, որ 2023/24 մրցաշրջանում ներգրավված էի ավելի քան 90 խաղերում: Դա աներևակայելի ճնշում էր: Կոկաինի կադրերում ինքս ինձ չեմ ճանաչում, բայց դա ես էի: Պայքարում էի ժամանակացույցի դեմ, բայց կանգ առնելու հնարավորություն չկար: Չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում»:

«ՊԱՏՎԵՐՈՎ» ԴԵՂԻՆ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Դևիդ Կուտի դեմ դեռ շարունակվում է հետաքննությունն առ այն, որ անգլիացին 2019 թվականին ընկերոջ պատվերով դեղին քարտ է տվել «Լիդսի» ֆուտբոլիստ Էզջան Ալիոսկիին: Կուտը զգուշացրել էր խաղացողին, իսկ հետո՝ ընկերոջը նամակ ուղարկել. «Հուսով եմ՝ գործել ես ըստ պայմանավորվածության»:

Այնուամենայնիվ, Դևիդ Կուտը հերքել է հանցավոր պայմանավորվածությունը. «Խաղից առաջ ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Ես գնացել եմ ու արել եմ իմ գործը: Ֆուտբոլիստը դեղին քարտի սահանկում արեց: Դրա համար ես ոչինչ չեմ ստացել: Իսկապես հիասթափված եմ, որ նման խոսակցություն է շրջանառվել, քանի որ դա արատավորում է խաղի ամբողջականությունը: Եվ ինչ էլ որ մարդիկ մտածեն իմ մասին՝ որպես մարդու, մրցավարի, ես միշտ էլ խաղադաշտ եմ դուրս եկել ու այնտեղ արել եմ առավելագույնը»:

«Հարմար վայրում չէի, որ խոսեի: Հաղորդագրություն ուղարկեցի մի մարդու, որին չպետք է վստահեի: Ես միամտություն արեցի»,- ասել է Կուտը՝ նշելով, որ այդ հաղորդագրությամբ պարզապես ցանկացել է «շեղել» ընկերոջ ուշադրությունը:

«Իսկապես սխալ ընտրություն եմ կատարել: Կցանկանայի շրջել ժամանակը և ամեն ինչ այլ կերպ անել»,- եզրափակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նախկին մրցավարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա