Կան քաղաքներ, որոնք հայտնի են իրենց գրավչությամբ, կլիմայով և լանդշաֆտներով, լեռների կամ օվկիանոսների գեղատեսիլ պատկերներով, քաղաքներ, որոնք շրջապատված են ժայռերով կամ արմավենիներով: Եվ կան քաղաքներ, ինչպիսին Դետրոյթն է՝ գործարաններ, հանցագործ փողոցներ ու այդ ամենի ֆոնին անասելի սեր սպորտի հանդեպ:
Մարդիկ ապրում են սպորտով, հիփ-հոփով և մրցարշավներով: NASCAR-ից մինչև INDYCAR, NHL-ից մինչև NBA: Սթենլիի գավաթի 11-ակի դափնեկիր «Դետրոյթ Ռեդ Ուինգզը» վերջին անգամ NHL-ի չեմպիոն է դարձել 2008 թվականին: Հոկեյի ազգային լիգայի ամենահայտնի ֆրանշիզաներից մեկի համար վերջին տասնամյակը, մեղմ ասած, անհաջող է:
.jpg)
«Կարմրաթևերի» բախտակիցն արդեն NBA-ում «Դետրոյթ Փիսթոնսն» է: 2004 թվականի չեմպիոնությունն անհավանական էր: Չոնսի Բիլափսի և Բեն Ուոլեսի գլխավորությամբ «Ուրվական քաղաքի» թիմը պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ չեմպիոն: Եզրափակիչում «Փիսթոնսը» կարողացավ հաղթահարել «Լոս Անջելես Լեյքերսի» արգելքն այն ժամանակ անկասելի թվացող Քոբի-Շաք դուոյի դեմ պայքարում:
Դետրոյթի բասկետբոլային դինաստիան մինչև 2008 թվականը ևս 4 անգամ հայտնվեց կոնֆերենցիայի եզրափակիչում, մեկ անգամ էլ՝ մեծ եզրափակիչում, որտեղ, սակայն, պարտվեց «Սան Անտոնիո Սփըրսին»: 2008 թվականից ի վեր «Փիսթոնսն» ընդամենը երկու անգամ է մասնակցել փլեյ-օֆֆին՝ երկու դեպքում էլ դուրս մնալով առաջին ռաունդից:
«Ուրվական քաղաքում» լույսի շող հայտնվեց 2021 թվականին. «Փիսթոնսը» ստացավ դրաֆթում առաջինն ընտրելու հնարավորություն: Ընտրությունը կանգ առավ այն ժամանակ Նահանգների լավագույն ֆրեշմեն Քեյդ Քանինգեմի վրա: Քեյդն արդեն փայլել էր Տեխասի քոլեջում և անհավանական մրցաշրջան էր անցկացրել «Օքլահոմա Քովբոյսի» կազմում՝ միջինը 20 միավոր, 6 ռեբաունդ, 4 ասիստ: Պոտենցիալ թրիփլ-դաբլ գրանցող խաղացողը նաև առաջատարի կարողություններ ուներ՝ մի հատկություն, որն ավելի քան անհրաժեշտ էր անդունդը գլորվող «Փիսթոնսին».
Իհարկե, նույնիսկ ամենատաղանդավոր ֆրեշմենին ժամանակ է պետք՝ NBA-ում հարմարվելու, թիմային քիմիա ստեղծելու և արդյունք ապահովելու համար: Քանինգմեը 3 ծանր մրցաշրջան անցկացրեց լիգայում, որտեղ նախ՝ Դուեյն Քեյսիի, հետո էլ՝ Մոնթի Ուիլյամսի գլխավորությամբ թիմը ձախողեց՝ հանգրվան գտնելով Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի նկուղում:
ՔԱՆԻՆԳԵՄՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Թիմի ֆրոնտ-օֆիսն արթնացավ 2024/25 մրցաշրջանից առաջ. նոր գլխավոր մարզիչ ու նոր դեմքեր աստղային խաղարկողի կողքին: «Քլիվլենդ Քավալիերսից» հեռացած Ջեյբի Բիքերսթաֆը գլխավորեց «Փիսթոնսը», ազատ գործակալի կարգավիճակում թիմ ժամանեցին Տոբայաս Հերիսն ու Մալիկ Բիզլին: Ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված մարզիչն ու ըստ աստղի հավաքված կազմն օգնեցին Քեյդին անհավանական քայլ առաջ կատարել: Քանինգեմն անցկացնում է կարիերայի լավագույն մրցաշրջանը: Նա առաջինն է ֆրանշիզայում 25+9+7 սթաթլայնով, Քեյդը 37 տոկոս արդյունավետությամբ է նետում հեռվից և 3-րդն է լիգայում գրանցած թրիփլ-դաբլների քանակով (7 թրիփլ-դաբլ):
ՄԱԼԻԿ ԲԻԶԼԻ
Մալիկ Բիզլին հավակնում է դառնալ օֆսիզընի լավագույն ստորագրումը: Բիզլին սփեյսինգ է ստեղծում Քեյդի համար, տարածություններ, որոնք նախկինում Քեյդը չուներ դաբլ-թիմերի պատճառով: Բիզլին հարձակման գծում լուրջ վտանգ է, ուստի մրցակցի պաշտպանները ստիպված են լրջորեն հսկել նաև նրան՝ երբեմն մոռանալով Քեյդի մասին: Բիզլին 3-րդն է լիգայում իրացրած 3-միավորանոցների քանակով (162) և կարիերայում երկրորդ անգամ վաստակում է միջինը 16 միավոր:

ՌՈՆ ՀՈԼԱՆԴ, ՕՍԱՐ ԹՈՄՓՍՈՆ
«Փիսթոնսն» ունի լիգայի ամենաերիտասարդ կազմերից մեկը: Թիմի միջին տարիքը 22,4 է: Իհարկե, երիտասարդ տաղանդներով լի թիմին անհրաժեշտ են փորձառու մասնագետներ, որոնք կհղկեն պոտենցիալ բասկետբոլային ադամանդն ու կհանձնեն այն հանդիսականների դատին: Թոմփսոն երկվորյակներ աթլետիզմի մասին լիգայում խոսում են շատերը: Ամենն արդեն «Ռոքեթսի» մեկնարկային կազմի խաղացող է, իսկ Օսարն իր համար ճանապարհ է հարթում՝ այդպիսին դառնալու համար:

2023 թվականի դրաֆթի 5-րդ համարը Բիքերսթաֆի օրոք միջինում 19 րոպե խաղաժամանակ է ստանում, բարելավել է խաղը մրցակցի օղակի տակ և արագության շնորհիվ հիանալի տարբերակ է թրանզիշըն-հարձակման ու պաշտպանության ընթացքում: Թոմփսոնի գլխավոր խնդիրը 3-միավորանոցներն են (23%): Այդ ասպեկտն Օսարը բարելավում է մարզիչ Ֆրեդ Վինսոնի հետ:
Այս տարվա դրաֆթում 5-րդ համարով ընտրված Ռոն Հոլանդ II-ը նույնպես մեծ պոտենցիալ ունի: Հոլանդի կարողություններն ու երկու ձեռքով էլ գրոհը եզրափակելու ունակությունը նրան յուրօրինակ են դարձնում: 2024 թվականի դեկտեմբերը G League Ignite-ի շրջանավարտի աստղային ամիսն էր. միջինում 8 միավոր և 42 տոկոս արդյունավետություն կորագծից: Բիքերսթաֆը վստահում է Ռոնին, և 19-ամյա հարձակվողի խաղաժամանակի ավելացումը միայն ժամանակի հարց է: Մնում է՝ Հոլանդը կառավարի էմոցիաներն ու փորձի ավելի քիչ հայտնվել քաշքշուկների կիզակետում:


ԽՆԴԻՐՆԵՐ
Իհարկե, միանգամից թիմային բոլոր խնդիրները լուծելն անհնար է: Չնայած բեկումնային մրցաշրջանին՝ կան ասպեկտներ, որոնք թիմը պետք է բարելավի՝ փլեյ-օֆֆի գոտում մնալու համար:
ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Կորուստները «Փիսթոնսի» գլխավոր խնդիրն են: «Դետրոյթը» միջինում 15 կորուստ է գրանցում և մրցաշրջանի առաջին հատվածում արդեն 6 խաղ է անցկացրել՝ առնվազն 20 կորոստ ունենալով: Քեյդ Քանինգեմը լիգայում 3-րդն է ասիստների քանակով և 2-րդը գրանցած կորուստների ցուցանիշով: Հաշվի առնելով Քեյդի ահռելի աշխատանքը հարձակման գծում և գնդակի տեղաշարժը՝ նման ցուցանիշն ավելի քան արդարացված է: Գլխավոր ասիստենտներից միայն Քրիս Փոլն ու Թայրիզ Հալիբյորթոնն են դուրս մնացել կորուստ գրանցողների «լավագույն 25-յակից»:

«ԵՐԿՐՈՐԴ ՋՈՒԹԱԿԻ» ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Քանինգեմն անկասկած «Փիսթոնսի» գլխավոր դիրիժորն է ու բոլհենդլերը: Բայց հենց նա ուղևորվում է բենչ, թիմի խաղը քանդվում է: «Դետրոյթը» վերջին 10 խաղերում գնդակը տեղաշարժող վատագույն թիմերից է՝ միջինում 23 ասիստ: Այս խնդրի բացատրությունն ակնհայտ է. թիմի բեքափ-խաղարկող Ջեյդեն Այվիի ծանր վնասվածքից հետո Մարկուս Սասերն ուղղակի չի կարողանում կատարել «երկրորդ ջութակի» պարտականությունները: Եվ հետո՝ Սասերն ավելի շատ սքորեր է, քան խաղարկող: «Փիսթոնսը» միգուցե մինչև թրեյդային դեդլայնը լուծի պահեստային խաղարկողի բացակայության հարցը:

Դեռ նախորդ տարի «Դետրոյթ Փիսթոնսը» թափառում էր մրցաշարային աղյուսակի անդունդում: Հիմա Բիքերսթաֆի գլխավորած թիմը 6-րդն է արևելքում: Անհավանական աճն ու վերածնունդը չեն կարող չուրախացնել «Փիսթոնսի» երկրպագուներին ու Դետրոյթի սպորտասեր հասարակությանը: Կա տպավորություն, թե NBA-ի փլեյ-օֆֆյան մթնոլորտը 5 տարի անց կվերադառնա «Ուրվական քաղաք», իսկ Քեյդն ու ընկերները կփորձեն վայելել պահն ու ձգտել հնարավոր առավելագույնին...


