Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է, թե ինչու «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Կարիմ Բենզեման չի մասնակցել Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
«Մրցաշարի մեկնարկից առաջ զրկվեցինք կարևոր ֆուտբոլիստից: Կարիմը հիասթափված էր, քանի որ Մունդիալին մասնակցելը շատ կարևոր էր նրա համար: Ախտորոշման համաձայն՝ Բենզեման կարող էր վերադառնալ մարզումներին դեկտեմբերի 10-ից ոչ շուտ:
Նա տխուր էր, սակայն համակերպվեց այդ մտքին ու հաջորդ օրը հեռացավ հավաքականի ճամբարից: Դա նրա ընտրությունն էր, որը ես ընդունեցի: Ավելի ուշ Կարիմը հայտնեց, որ հեռանում է ազգային թիմից: Պատճառի մասին պետք է հարցնեք նրան»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի նախաշեմին Կարիմ Բենզեման վնասվածք էր ստացել և հեռացել ազգային թիմի ճամբարից, իսկ ավելի ուշ հայտարարել էր, որ ավարտում է միջազգային կարիերան։ Լուրեր էին շրջանառվում, որ Բենզեման կոնֆլիկտ ունի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։
«Ռեալի» ավագը 2007 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 97 հանդիպում և դարձել 37 գոլի հեղինակ։
ԱԱ-2022-ի եզրափակիչում ֆրանսիացիները հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Արգենտինային (3-3, 11մ՝ 2-4) և չէին կարողացել պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։