Իտալական «Միլանի», Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսել Դեսային կարծում է, որ Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար ավելի լավ կլինի տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող որևէ ակումբ.
«Վստահ չեմ, որ Մադրիդի «Ռեալը» Մբապեի համար կարիերայի շարունակության կատարյալ վայր է։ Ձախ եզրում խաղում է Վինիսիուսը։ Կան նաև այնպիսի խաղացողներ, որոնք մեծ կարողություններ ունեն, օրինակ՝ Բելինգեմը։ Մբապեն «Ռեալում» չի լինելու ընդգծված առաջատար, ինչպես ցանկանում է։
Ֆուտբոլային բիզնեսի տեսանկյունից, ես Մբապեի փոխարեն կտեղափոխվեի Սաուդյան Արաբիա, որտեղ մեկ տարում կվաստակեի 350 միլիոն եվրո, բայց մեկ մրցաշրջան հետո կվերադառնայի Եվրոպա, որպեսզի մասնակցեմ աշխարհի առաջնությանը»,- մեջբերում է GFFN-ը։
Հիշեցնենք, որ 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ սաուդյան «Ալ Հիլյալը» ցանկանում էր ձեռք բերել Մբապեին։ Ակումբը գործարքի համար ՊՍԺ-ին պատրաստ էր վճարել 300 միլիոն եվրո, իսկ Ֆրանսիայի հավաքականի ավագին՝ 350 միլիոն եվրո աշխատավարձը, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը չհամաձայնեց տեղափոխվել «Ալ Հիլյալ»։
Մբապեի ու «Պարի Սեն-Ժերմենի» միջև պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Նա որոշել է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ակումբից և, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։