Երևանի «Ուրարտուի» ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը խոսել է առողջական վիճակի և ապագայի մասին:
«Առողջական վիճակս արդեն ավելի լավ է։ Մնաց մի քիչ, մի քանի օր, և ամեն ինչ լավ կլինի։ Կմնա՞մ «Ուրարտուում», խոսակցություն դեռ չի եղել։ Կհանդիպեմ ղեկավարության հետ և կխոսեմ ապագայի մասին»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ» հեռուստաալիքը։
Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը Մոսկվայում վերականգնողական կուրս է անցնում:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպանը փետրվարի 22-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ուրարտու»:
Գլուշակովը Հայաստանի գործող չեմպիոնի կազմում ավարտվող մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում:
Ֆոտո՝ «Ուրարտու»