Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի IBF վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտը, որում մրցել են բրիտանացիներ Էնթոնի Ջոշուան և Դենիել Դյուբուան:
Մենամարտի ելքը վճռվել է 5-րդ ռաունդում, երբ Դյուբուան նոկաուտի է ենթարկել 34-ամյա Ջոշուային: Նախորդ չորս ռաունդներում Դյուբուան երեք անգամ նոկդաունի է ենթարկել հայրենակցին:
Սա 27-ամյա Դյուբուայի 22-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, նաև ունի երկու պարտություն: Ջոշուան անցկացրած 32 մենամարտերում տարել է 28 հաղթանակ և պարտվել չորս դիմակայությունում:
Հիշեցնենք, որ IBF չեմպիոնական գոտին պատկանում էր ծանր քաշային կարգի մյուս գոտիների տիրակալ, ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկին, որը հունիսին հրաժարվել էր այդ գոտուց:
Ի դեպ, Ուսիկը Լոնդոնում ներկա է եղել Դյուբուա-Ջոշուա տիտղոսային մենամարտին: