Ի՞նչ ասել է սպորտ։ Ի՞նչ ասել է ֆուտբոլ… Երևույթ, որը մեր՝ մարզասերներիս ու մարզական լրագրողներիս կյանքը լցնում է անսահման ուրախությամբ, անմոռանալի պահերով ու հաղթանակի երանելի էմոցիաներով։ Իհարկե, սպորտում և մասնավորապես ֆուտբոլում լինում են նաև հակառակ դեպքեր, երբ որևէ մեկի սիրելի թիմը/մարզիկը պարտվում է, առաջ են գալիս հուսահատությունը, հիասթափությունն ու տխրությունը, սակայն սպորտն այնքան է անկանխատեսելի, որ պարտված լինելու զգացողությունն ստիպում է մարզիկին/թիմին ավելի կատարելագործվել ու հասնել ռևանշի։
Այսօր, ինչպես ընդունված է համարել, համաշխարհային սպորտի ընտանիքի «ամենասիրված անդամի»՝ ֆուտբոլի միջազգային օրն է։ Զարմանալի է, բայց աշխարհն արդեն պաշտոնապես ընդունել է մի շարք անհեթեթ թվացող տոներ օրացույցի մեջ մտցնելու մասին օրենքներ, իսկ «ֆուտբոլը» շարունակում է մնալ «անտեր»։ Ոչ պաշտոնապես աշխարհը նշում է ֆուտբոլի միջազգային օրը դեկտեմբերի 10-ին։ Ըստ նվիրյալների՝ ֆուտբոլը պարզապես սպորտաձև չէ.
«Իմ կարծիքով մարդիկ մի փոքր թերագնահատում են ֆուտբոլը։ Դրանից չհասկացող մարդիկ ասում են, որ իմաստ չկա նայելու, թե ինչպես է 22 հոգի վազում մի գնդակի հետևից։ Մեկի համար դա անհեթեթություն է, իսկ նրա կողքին կանգնած մարդու համար՝ կիրք ու կյանք։ Ֆուտբոլը կյանքի յուրահատուկ ապրելակերպ է, գիտություն է, նույնիսկ մի ամբողջ փիլիսոփայություն»,- ասել է «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան։
Պատմությունը
Երկարատև քննարկումներից հետո ՄԱԿ-ն ընդունել է համապատասխան որոշում՝ «Ֆուտբոլի միջազգային օր» անունով տոն բոլորի օրացույցում տեղ գտնելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 120 մլն մարդու համար ֆուտբոլը ոչ միայն սպորտ է, այլև ապրելակերպ ու մասնագիտություն։ Ընդունված է համարել, որ «ֆուտբոլ» սպորտաձևի հիմնադիրներն անգլիացիներն են, սակայն իրականում կան բազմաթիվ այլ վկայություններ, համաձայն որոնց՝ այս սպորտաձևն ունի ավելի խոր արմատներ։
Պատմաբանները վստահեցնում են, որ ֆուտբոլի մասին պատկերացումները մինչև մեր օրերին հասնելը զարգացել են դարերի ընթացքում։ Ի սկզբանե ֆուտբոլանման խաղերը եղել են զինվորների ֆիզիկական պատրաստվածությունն ստուգելու համար։ Ժամանակակից գիտությունը թույլ է տալիս ավելի խոր «փորել» մարզաձևի պատմությունը, ինչի արդյունքում առաջ են քաշվել մի շարք նոր թեզեր, օրինակ՝
- Ֆուտբոլի հիմքերը դրվել են ոչ թե Անգլիայում, այլ Սաքսոնիայում։ Տեղի մշակույթի անբաժան մասն էր զինվորականների զվարճանքը։ Ըստ պատմաբանների՝ ճակատամարտերից ու կռիվներից հետո նրանք սպանված թշնամու գլուխը գցում էին ոտքի տակ, հարվածում ու վազում էին դրա հետևից։
- Հնագետների տեղեկություններով էլ ինչ-որ նման բան հայտնաբերվել է հին Չինաստանում։ Ըստ նրանց՝ մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում ֆուտբոլանման զբաղմունք է եղել, որը հիշատակվել է որպես Ցյու-Չու։
Ինչպես են տոնում
Ֆուտբոլի միջազգային օրը լայնորեն նշվում է աշխարհի տարբեր անկյուններում։ Այս օրը տեղի են ունենում ընկերական հանդիպումներ. դա արդեն վաղուց ձևավորված ավանդույթ է։ Այդ ընկերական հանդիպումները կրում են բարեգործական բնույթ։ Հանդիպումներին մասնակցում են ոչ միայն գործող ֆուտբոլիստները, այլև անցյալի լեգենդներն ու համաշխարհային սպորտի անվանի ներկայացուցիչները՝ թենիսիստներ, ավտո և/կամ մոտոարշավորդներ։
Հատկապես տարածված են զանազան ընկերությունների միջև ընկերական ու բարեգործական հանդիպումները, որոնցից ստացված հասույթը փոխանցվում է երեխաների բուժմանը, երրորդ կարգի երկրների բարեկեցության ապահովմանը։ Ֆուտբոլի համաշխարհային օրը ԶԼՄ-ները պատրաստում են տարատեսակ հոդվածներ, հարցազրույցներ են անցկացնում անվանի ֆուտբոլիստների հետ, հեռուստատեսությամբ ու մասնագիտացված ռադիոկայաններով հնչում են պատմություններ ֆուտբոլի մասին։
Հետաքրքիր փաստեր
- Ֆուտբոլիստները շատ սնահավատ են։ Տարիների ընթացքում այս սպորտաձևը զարգացել է ու հասել ամենավերին մակարդակին, բայց ֆուտբոլիստների սնահավատությունը դեռ մնում է։ Այդպես, Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Տերին իր ամբողջ կարիերայի ընթացքում աչքի է ընկել մի շարք ոչ միանշանակ դրսևորումներով։ Միայն թոփ մակարդակի խաղն ու անպարկեշտ պահվածքը չեն, որ նրան հայտնիություն են բերել: Տերին ազգային հավաքականի կամ «Չելսիի» թիմային ավտոբուսում միշտ նստում էր նույն տեղում ու ճանապարհին լսում էր նույն երգերը։ Իսկ հանդերձարանին կից զուգարանում օգտվում էր միայն 1 ուրինալից (պիսուար)։ Նույնիսկ եթե մյուսներն ազատ էին, իսկ այդ մեկը՝ զբաղված, Տերին սպասում էր մինչև դա ազատվի։
- Շատերի համար ֆուտբոլը կյանքի միակ հաճելի բանն է, ոմանք էլ չեն պատկերացնում կյանքն առանց ֆուտբոլի նույնիսկ ամենաանիրական պահերին։ Օրինակ՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զինվորները ժամանակ են գտել ոչ միայն թշնամուց պաշտպանվելու, այլև գնդակ գլորելու համար։ Այդպես 1942 թվականին՝ Լենինգրադի շրջափակման ժամանակ, տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում ԼՄԶ և «Դինամո» թիմերի միջև։ Ըստ որոշ աղբյուրների՝ հաղթող թիմի անդամներն առաջինն էին ստանում գեղեցկուհի բուժքույրերի հետ ծանոթանալու իրավունք։ Այդ արտոնությունն ստացավ «Դինամոն»։
- Ընթերցողներից շատերը շատ տարիներ առաջ կամ նույնիսկ հիմա՝ բակում ֆուտբոլ խաղալիս, դարպասաձողերի փոխարեն դնում են հսկա քարեր։ Այսինքն՝ դարպասի դիրքը, չափն ու տեղը որոշում էին(ք) բակում խաղացողները։ Բնականաբար, դարպասային ցանցի մասին խոսելն ավելորդ է։ Դե հիմա պատկերացրեք, որ այդպես՝ առանց ցանցի, պրոֆեսիոնալ մակարդակի ֆուտբոլիստներն էին խաղում։ Առաջին անգամ ցանցերը կախվել են դարպասից 1891 թվականին՝ Անգլիայի Հյուսիսի ու Հարավի հավաքականների միջև խաղի պատվին։
- Խաղը «ֆուտբոլ» են կոչել դարձյալ Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի կեսերին: Հեռավոր 1847 թվականին ընդունվել են ֆուտբոլի առաջին կանոնները, որոնք նախատեսված էին մեծ համբավ վայելող ուսումնական հաստատությունները ներկայացնող խաղացողների համար: Մինչև այդ յուրաքանչյուր թիմ իր կանոններն ուներ, ինչը թյուրըմբռնումների պատճառ էր դառնում: Այս ամենի վերջը տրվեց 1863 թվականին, երբ հաստատվեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կանոնադրությունը: Այդ ժամանակ սահմանվեցին դարպասի ու դաշտի չափերն ու վերջնական կանոնները:
Ֆուտբոլի մասին կարելի է խոսել անվերջ, բայց պե՞տք է որ։ Ասում են՝ սերն արտահայտելու համար շատ բառեր պետք չեն, հարկավոր է միայն ցույց տալ, թե ինչպես ես սիրում։ Միայն «ես սիրում եմ» խոսքերը բավական և դյուրընկալելի են։ Սիրե՛նք ֆուտբոլը և շնորհավորե՛նք միմյանց։