Logo

Դեբլե, Մաիլսոն, Օտուբանջո… Իսկ ու՞ր են հայ ֆուտբոլիստները «Ոսկե խաղակոշիկի» մրցապայքարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Դեբլե Մաիլսոն

VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝  30-րդ առաջնության աշնանային հատվածն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ: Առաջնությունում անցկացված 79 հանդիպումներում գրանցվել է 199 գոլ (միջինը՝ 2,51 գոլ մեկ խաղում): Այդ գոլերից 25-ը խփվել է «Սևանի» մասնակցությամբ անցկացված 13 հանդիպումներում, որոնց արդյունքները չեղարկվել են:

Այնպես որ, առաջնությունում պաշտոնապես հաշվարկվող 66 հանդիպումներում գրանցվել է 174 գոլ, իսկ միջին արդյունավետությունն էլ ավելի բարձր է՝ 2,63 գոլ մեկ խաղում: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության միջին արդյունավետությունը 2,13 էր:

Հարկ է նշել, որ հատկապես առաջնության մեկնարկային տուրերն աչքի ընկան գոլային հրավառությամբ: Այդ առումով առաջնության մեկնարկն իրոք ցնցող էր: 5 խաղում խփվեց 25 գնդակ, ընդ որում բոլոր հանդիպումներն էլ խոշոր հաշվով ավարտվեցին, ինչը ՀՀ առաջնություններում գրանցված յուրօրինակ ռեկորդ է:

Առաջնության մեկնարկից բավական հետաքրքիր ու անզիջում պայքար է ծավալվել լավագույն ռմբարկուի տիտղոսի համար: Մեկնարկային տուրից հետո ռմբարկուների ցանկը 3-ական գնդակով գլխավորեցին արարատցի Դոնիմանի Յակուբա Սիլուեն և «Սևանի» բրազիլացի ֆուտբոլիստ Անդրե Մենսալաոն, որոնք հեթ-տրիկի հեղինակ էին դարձել:

Screenshot 1 44 960x547 - Դեբլե, Մաիլսոն, Օտուբանջո... Իսկ ու՞ր են հայ ֆուտբոլիստները «Ոսկե խաղակոշիկի» մրցապայքարում

6-րդ տուրից հետո ռմբարկուների առաջատարն արարատցի Սերժ Դեբլեն էր, որն «Ալաշկերտի» հետ խաղում դուբլ ձևակերպելով, գոլերի թիվը հասցրեց 7-ի՝ շրջանցելով 6 գոլի հեղինակ դարձած Անդրե Մենսալաոյին: 5-ական գոլ էին խփել Դոնիմանի Յակուբա Սիլուեն և որոշ ընդմիջումից հետո կրկին «Արարատ-Արմենիա»  վերադարձած Մաիլսոն Լիման:

Ցավոք, «Ալաշկերտի» հետ խաղում Սերժ Դեբլեն հեռացվեց խաղադաշտից ու գրեթե 1,5 ամսով որակազրկվեց: Նրա բացակայության ընթացքում Մաիլսոն Լիմային հաջողվեց գոլերի թիվը հասցնել 8-ի ու շրջանցելով Դեբլեին, գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

mailson 960x896 - Դեբլե, Մաիլսոն, Օտուբանջո... Իսկ ու՞ր են հայ ֆուտբոլիստները «Ոսկե խաղակոշիկի» մրցապայքարում

Ի պատիվ Սերժ Դեբլեի, հարկադիր պարապուրդը բնավ էլ  չազդեց նրա արդյունավետության վրա: Իվուարցի ֆուտբոլիստը խաղադաշտ վերադառնալով, կրկին արդյունավետ խաղ ցուցադրեց: Առաջնության վերջին 5 հանդիպումներում խփելով 6 գնդակ, որից 3-ը՝ «Փյունիկի» դարպասը,  Դեբլեն իր գոլերի թիվը հասցրեց 14-ի ու կրկին դարձավ ռմբարկուների առաջատարը՝ շրջանցելով 12 գոլի հեղինակ դարձած Մաիլսոն Լիմային: Ճիշտ է, առաջնությունից «Սևանի» հրաժարվելուց հետո վերջինիս դարպասը խփած Դեբլեի մեկ գոլը չեղարկվել է և ռմբարկուների պայքարում նրա անվան դիմաց 13 գոլ է գրանցված:

deble 2 960x640 - Դեբլե, Մաիլսոն, Օտուբանջո... Իսկ ու՞ր են հայ ֆուտբոլիստները «Ոսկե խաղակոշիկի» մրցապայքարում

Նշենք, որ ընթացիկ առաջնության աշնանային հատվածում արդեն երկու ֆուտբոլիստ գերազանցել է նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը: Հիշեցնենք, որ նա ընդամենը 10 գոլ էր խփել, ինչն ամենացածր ցուցանիշն էր ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների մեջ:

Ինչ խոսք, ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստների ցուցադրած արդյունավետ խաղն ուրախացնում է երկրպագուներին: Սակայն, ցավալին այն է, որ հայ ֆուտբոլիստները գործնականում չեն մասնակցում «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարին: Նրանցից ամենաարդյունավետները՝ փյունիկցի Հովհաննես Հարությունյանը, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը և «Նոայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը 4-ական գնդակով եզրափակում են լավագույն ռմբարկուների տասնյակը:

Ընդհանրապես, նախորդ 3 առաջնություններում էլ նույնպիսի տխուր պատկերի ականատեսն ենք եղել: 2018/19թթ. առաջնության լավագույն ռմբարկուն 17 գնդակով «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն էր, իսկ հայ ֆուտբոլիստներից Էրիկ Վարդանյանը («Փյունիկ»), Գեղամ Հարությունյանն («Գանձասար-Կապան») ու Պետրոս Ավետիսյանը («Արարատ-Արմենիա») 8-ական գնդակով ռմբարկուների ցանկում բաժանել էին 4-6-րդ տեղերը:

Հաջորդ մրցաշրջանում բարձր արդյունավետությամբ աչքի էր ընկել շիրակցի Մորի Կոնեն՝ 23 գնդակով ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու: Հայ ֆուտբոլիստներից ոչ մեկը տեղ չէր զբաղեցրել ռմբարկուների լավագույն տասնյակում: Փյունիկցի Արթուր Միրանյանն ու գանձասարցի Գեղամ Հարությունյանը 6-ական գնդակով բաժանել էին 14-15-րդ հորիզոնականները:

2020-21թթ. առաջնության լավագույն ռմբարկու Յուսուֆ Օտուբանջոն թեև ընդամենը 10 գոլ էր խփել, սակայն հայ ֆուտբոլիստներին կրկին չէր հաջողվել խառնվելու «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարին: Ալաշկերտցի Դավիդ Դավիդյանն ու «Նոայի» հարձակվող Պետրոս Ավետիսյանը 5-ական գնդակով բաժանել էին 7-8-րդ հորիզոնականները:

otubanjo 1 960x641 - Դեբլե, Մաիլսոն, Օտուբանջո... Իսկ ու՞ր են հայ ֆուտբոլիստները «Ոսկե խաղակոշիկի» մրցապայքարում

Հիշեցնենք, որ վերջին անգամ հայ ֆուտբոլիստն առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին է արժանացել 2017/18թթ. մրցաշրջանում: Մրցանակը ստացել է ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը՝ խփելով 13 գնդակ: Հետաքրքիր է, որ մինչ այդ նա նախորդ առաջնությունում էլ նույնպիսի արդյունքով իր թիմակից Միհրան Մանասյանի հետ էր դարձել լավագույն ռմբարկու: Եվ մինչև Օտուբանջոն, այդ ցուցանիշն ամենացածրն էր ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների մեջ:

edig 1 960x597 - Դեբլե, Մաիլսոն, Օտուբանջո... Իսկ ու՞ր են հայ ֆուտբոլիստները «Ոսկե խաղակոշիկի» մրցապայքարում

«Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարում հայ ֆուտբոլիստների բացակայության պատճառներից մեկը նրանց փոքրաթիվ քանակն է թիմերի մեկնարկային կազմում: Գաղտնիք չէ, որ առաջնության մասնակից թիմերի մեծամասնությունը խաղադաշտ է դուրս բերում ընդամենը 3-4 հայ ֆուտբոլիստի: Տարեցտարի մեր առաջնությունում աճում է լեգեոնականների թիվն ի հաշիվ հայերի և նման պայմաններում աչքի ընկնելու վերջիններիս հնարավորությունները նվազում են: Սա լուրջ խորհելու  տեղիք է տալիս և հիմնախնդիրներ է առաջացնում նաև Հայաստանի հավաքականները նոր կադրերով համալրելու հարցում:

VNews.am-ը ներկայացնում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշները:

ՖուտբոլիստներԳոլՍեփ. Մրց. 11մ
1. Սերժ Դեբլե1385
2. Մաիլսոն Լիմա12934
3. Յուսուֆ Օտուբանջո835
4. Ուիլֆրեդ Կուասի Էզա743
5. Դոնիմանի Յակուբա Սիլուե651
6. Ուգո Ֆիրմինո6422
7. Խոսե Կառաբալլո55
8. Հովհաննես Հարությունյան44
9. Ալեքսանդր Կարապետյան422
10. Արտյոմ Ավանեսյան422
11. Պավել Կիրիենկո4311

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա