«Խիմկիի» նորեկ Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Կիսապաշտպանն ազգային ընտրանուց հրավեր է ստացել՝ մասնակցելու ԱԱ 2022-ի որակավորման մրցաշարի շրջանակում սեպտեմբերին կայանալիք խաղերին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը Սկոպյեում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ, սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 8-ին կընդունի հետնապահ Լիխտենշտեյնի հավաքականին: Առաջին երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին, իսկ սեպտեմբերյան վերջին խաղը՝ 20:00-ին:
ԱԱ 2022-ի որակավորման մրցաշարի J խմբում 3 տուրից հետո Հայաստանի հավաքականը միավորների կատարյալ ցուցանիշով(9) միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականները վաստակել են 6 միավոր, Ռումինիայի ու Իսլանդիայի հավաքականները՝ 3-ական միավոր, Լիխտենշտեյնի հավաքականը միավոր չի վաստակել:
Նշենք, որ Դավիդ Դավիդյանն օրեր առաջ է «Ալաշկերտից» տեղափոխվել «Խիմկի»:
Հավելենք՝ 23-ամյա Դավիդյանը հունիսյան խաղերի համար առաջին անգամ ազգային հավաքական էր հրավիրվել, բայց չմիացավ ընտրանուն վնասվածքի պատճառով:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
