Օրերս Բուդապեշտում կայացավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված միջոցառումը, որի ընթացքում Հայաստանի հավաքականը ճանաչվեց նախորդ 100 տարիների լավագույն թիմը: ՖԻԴԵ-ն պարզաբանեց, որ Խորհրդային Միությունն ավելի գերիշխող է եղել, սակայն շախմատային գերատեսչությունը որոշել է լավագույնին ընտրել այժմ գոյություն ունեցող երկրներից:
Հայաստանը շրջանցել է այնպիսի երկրների հավաքականների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան ու Չինաստանը՝ արժանիորեն ճանաչվելով լավագույնը: Փոքր ռեսուրսներով, բայց մեծ նպատակներով հայկական թիմն իսկապես անհավանական պատմություն է գրել Խորհրդային Միության փլուզումից հետո՝ հասնելով չլսված նվաճումների:
FastNews-ը վերհիշել է շախմատի Հայաստանի հավաքականի բոլոր նվաճումները Համաշխարհային Օլիմպիադայում, աշխարհի ու Եվրոպայի թիմային առաջնություններում:
Հայաստանի հավաքականն անկախությունից ի վեր ընդհանուր 16 մեդալ է նվաճել թիմային ամենախոշոր մրցաշարերում: 4 ոսկե, 3 արծաթե և 9 բրոնզե մեդալները ոչ միայն հայկական, այլև համաշխարհային շախմատի պատմության մեջ մեծ հետք են թողել:
Առաջին մեդալն ու 90-ականների ամուր հավաքականը
Շախմատի Հայաստանի հավաքականը թիմային առաջին մեդալը նվաճեց 1992-ին Ֆիլիպիններում կայացած Համաշխարհային Օլիմպիադայի ժամանակ: Թիմի կազմում էին գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Արշակ Պետրոսյանը և Աշոտ Անաստասյանը:
Հայաստանի հավաքականը տպավորիչ մրցաշար անցկացրեց ու զիջեց միայն Ուզբեկստանի և Ռուսաստանի թիմերին: Ի դեպ, Ռուսաստանի հավաքականի կազմում այդ ժամանակ առաջին խաղատախտակին հանդես էր գալիս աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը: Թիմում էր նաև երիտասարդ Վլադիմիր Կրամնիկը, որը տարիներ հետո էր նվաճելու աշխարհի չեմպիոնի թագը:
1990-ականներին հաջողություններն այսքանով չսահմանափակվեցին: Հայաստանի հավաքականը փայլուն հանդես եկավ նաև 1997թ․ Եվրոպայի թիմային առաջնությունում: Խորվաթիայի Պուլա քաղաքում կայացած մրցաշարում Հայաստանի թիմը նվաճեց բրոնզե մեդալ: 1992-ի կազմի համեմատ հավաքականից դուրս էր մնացել միայն Արշակ Պետրոսյանը, որը հետագայում մարզչական նվաճումներ ունեցավ թիմի ղեկին:
Հայաստանի համար մեծ նվաճում էր նաև 1996 թվականին Համաշխարհային Օլիմպիադա հյուրընկալելը: Այն տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում ու ավարտվեց Ռուսաստանի հավաքականի գերիշխող հաղթանակով:
Հայկական շախմատի ամենափառավոր էջը
Հայաստանի հավաքականը 2000-ականների կեսերին մոլորակի ամենաուժեղ ու գերիշխող հավաքականն էր: Թուրինում ու Դրեզդենում երկու անընդմեջ չեմպիոնությունները Համաշխարհային Օլիմպիադաներում դրա վառ ապացույցն են: Հավաքականի կազմն ուժեղ էր ու վախեցնող մրցակիցների համար: Առաջին խաղատախտակին հանդես էր գալիս կարիերայի լավագույն տարիներն անցկացնող Լևոն Արոնյանը:
Թուրինում հայ գրոսմայստերներն անհավանական մրցաշար անցկացրին ու առաջ անցան Չինաստանի և ԱՄՆ-ի գերհզոր հավաքականներից: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանն ու Գաբրիել Սարգսյանը հավաքականի հիմնական խաղացողներն էին: Սմբատ Լպուտյանն ու Արտաշես Մինասյանն էլ իրենց փորձով ու վարպետությամբ օգնում էին թիմին: Մարզիչ Արշակ Պետրոսյանի դերը ևս վիթխարի էր:
Թուրինի նվաճումից երկու տարի անց Հայաստանի հավաքականը կրկնեց պատմական նվաճումն արդեն Դրեզդենում: Արոնյանի, Հակոբյանի, Սարգսյանի ու Մինասյանի հետ այս անգամ թիմում էր Տիգրան Լևոնի Պետրոսյանը: Խորհրդանշական է, որ վերջին տուրում որոշիչ հաղթանակը տարավ հենց Տիգրան Պետրոսյանը: Հայկական շախմատի ամենավառ ներկայացուցչի անունը կրող շախմատիստի հաղթանակը տիտղոս պարգևեց Հայաստանի հավաքականին:
Մինչև 2012թ․ Համաշխարհային Օլիմպիադայում երրորդ հաղթանակը, Հայաստանի հավաքականը նվաճեց նաև աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը: 2011-ի չեմպիոնական կազմում էին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Չինաստանի Նինբո քաղաքում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը գերազանցեց հենց տանտերերին, որոնք նվաճեցին արծաթե մեդալը:
2012-ին Հայաստանը դարձյալ նվաճեց ոսկե մեդալը Համաշխարհային Օլիմպիադայում: Աշխարհի թիմային չեմպիոն դառնալուց հետո Օլիմպիադայում նորից հաղթելը վերահաստատեց հայկական շախմատի գերիշխանությունը: Ստամբուլում կայացած մրցաշարը փայլուն հիշողություններ է առաջացնում հայ երկրպագուների մոտ:
«Նոր հավաքական», հին նվաճումներ
Ակնհայտ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական շախմատի ամենավառ ներկայացուցիչը Լևոն Արոնյանն է: Նրա տեղափոխությունը Միացյալ Նահանգներ հարված էր հայկական շախմատին: Մասնագետները կարծում էին, որ Լևոնի հեռանալը զգալիորեն կթուլացնի նաև Հայաստանի հավաքականին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ունի նոր շախմատիստներ, որոնք փորձառուների հետ փայլուն համադրությամբ կարող են շարունակել գրել փառահեղ էջեր հայկական շախմատում:
2022 թվականին Հնդկաստանի Չենայ քաղաքում կայացած Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը չափազանց մոտ էր չորրորդ անգամ ոսկե մեդալ նվաճելուն: Մրցաշարն առաջին տեղում ավարտած Ուզբեկստանի հավաքականի հետ հայ շախմատիստները հավասար միավորներ էին վաստակել, սակայն լրացուցիչ ցուցանիշներով արժանացան արծաթե մեդալների: Հավաքականի կազմում հանդես էին գալիս Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Շախմատի Հայաստանի հավաքականի ամենաթարմ հաջողությունը 2023 թվականի Եվրոպայի առաջնությունում էր: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում հայ շախմատիստները բրոնզե մեդալ նվաճեցին: Թիմի կազմն այս անգամ նորից որոշակի փոփոխության էր ենթարկվել. Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան:
Այս փառահեղ նվաճումները գալիս են ապացուցելու, որ Հայաստանի անկախության մարզական գլխավոր ձեռքբերումներից մեկը շախմատային գերիշխանությունն է: ՖԻԴԵ-ի կողմից այս բարձր գնահատականին արժանանալը կրկին ցույց է տալիս, թե ինչ ամուր դիրքերում է կանգնած Հայաստանը համաշխարհային շախմատում: